հետ

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելեց Ամուլսարի ծրագրի տարածք

31.05.2017 14:42
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն  այցելեց Ամուլսարի ծրագրի տարածք

Մայիսի 30-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունը այցելեց Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներում «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական զարգացման ծրագրեր։


«Լիդիան Արմենիայի» Գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրերին ներկայացրեց Ամուլսարի ծրագրի ներդրումային և տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը: Ծրագիրը գտնվում է շինարարության փուլում, կապիտալ ներդրումները մինչև շինարարության ավարտը (2018 թ.) կկազմեն 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Ոսկու առաջին ձուլակտորը կարտադրվի 2018 թ. առաջին կեսին և հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: 

 

Ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը  ներկայացրեց Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները, վստահեցնելով, որ Ամուլսարը լինելու է ժամանակակից հանքավայր և նախագծման և կառավարման առումով չի տարբերվելու զարգացած երկրներում գործող նման հանքավայրերից: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրգիրն է, որ իրականացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով: Բնապահպանական կառավարման վերաբերյալ մանրամասն հարցերին պատասխանեցին ընկերության հայաստանյան և միջազգային մասնագետները:

Նախարարը, այցին մասնակցող Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ այցելեց նաև Ամուլսարի ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես նախաձեռնություններ և Լիդիանի կողմից իրականացված սոցիալական զարգացման ծրագրեր շրջակա համայնքներում: Մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամաս, ապա նաև՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցը և մանկապարտեզը։ Գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար: 

 

 

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը շեշտեց, որ ընկերությունը պարտավորվել է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր: Ամուլսարը այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում, այն տեսանելի է միջազգային ներդրումային շուկայում և ծրագրի հաջողությունը դրական կանդրադառնա նաև երկրի ներդրումային համբավի վրա, ասել է Հայկ Ալոյանը:

Իր խոսքում նախարար Սուրեն Կարայանը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Նախարարը կարևորել է նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներեցության խթանման ծրագրերը: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն  այցելեց Ամուլսարի ծրագրի տարածք