հետ

Լիտվական փորձը Ամուլսարի համայնքներում

07.09.2017 08:34
Լիտվական փորձը Ամուլսարի համայնքներում

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Լիդիան Արմենիա ընկերությունը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցառումներ անցկացրեցին Ամուլսարի ազդակիր համայնքների  դպրոցականների համար: Անցյալ տարի դասընթացներ անցկացվեցին Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի դպրոցներում և բոլոր դպրոցականները նվեր ստացան Լիտվայում արտադրված լույսի անդրադարձիչներով պայուսակներ: Լիտվան հայտնի է ճանապարհային անվտանգության ոլորտում առաջատար փորձով: Այս տարի համատեղ ծրագիրը ընդլայնվեց դեպի Գորայք և Սարավան: Անդրադարձիչներով պայուսակներ ստացան այս երկու համայնքների բոլոր դպրոցականները, ինչպես նաև Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի առաջին դասարանցիները` մոտ 200 պայուսակ: Անդրադարձիչները եվրոպական շատ երկրներում պարտադիր են՝ ճանպարհային երթևեկության մեջ երեխաներին ավելի տեսանելի դարձնելու և, այդպիսով, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։

Համատեղ ծրագրի նպատակն է Ամուլսարի հարակից համայնքների դպրոցականների շրջանում  ճանապարհային անվտանգության կանոնների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը: 

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և Լիտվայի Ճանապարհային Ադմինիստրացիայի էքսպերտներ Սլապսիս Լորինասը և Լապինաս Վիկտորասը: Հյուրերը և Լիդիան Արմենիայի առողջության և անվտանգության բաժնի աշխատակիցները ճանապարհային անվտանգության վերաբերյալ երեխաների համար նախատեսված դասընթաց ներկայացրեցին:   

Միջոցառման ընթացքում դեսպան Էրիկաս Պետրիկասը խոսեց Լիտվայի փորձի մասին, պատմելով, որ անկախության առաջին տարիներին Լիտվայում նույնպես ճանապարհային անվտանգության մշակույթը դժվարությամբ էր ներդրվում, սակայն այսօր այն ամենօրյա կյանքի անբաժանելի մաս է:

«Մենք ուզում ենք այս փորձը ներդնել նաև Հայաստանում,- ասաց դեսպան Պետրիկասը,- Այդ պատճառով իրականացնում ենք այս ծրագիրը արդեն չորրորդ տարին: Մի քանի տարի առաջ մենք սկսեցինք ծրագիրը Երևանի և Շիրակի մարզի դպրոցներում, իսկ անցյալ տարվանից՝ Լիդիան Արմենիայի հետ համագործակցության շնորհիվ եկանք Վայոց Ձորի, իսկ այժմ նաև Սյունիքի մարզ: Մեր նպատակն է հնարավորինս տարածել ճանապարհային անվտանգության մշակույթը Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ Լիդիան Արմենիան կիսում է այս խնդրի կարևորության մասին մեր համոզմունքը»:

 

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը դեսպան Պետրիկասին համագործակցության համար շնորհակալություն հայտնելով՝ ընդգծեց․

«Այս նախաձեռնությունը Լիդիանի՝ առողջության և անվտագության խնդիրների նկատմամբ հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է, որը բխում է Լիդիանի որդեգրած սկզբունքներից։ Նկատի ունենալով, որ Ամուլսարի հանքի շինարարությանը զուգահեռ հարակից համայնքներում տնտեսական ակտիվությունը մեծանում է՝ իր հետ բերելով նաև երթևեկության ակտիվացման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանում անվտանգ երթևեկության հետ կապված խնդիրները՝ ճանապարհային նշանների և լուսացույցների բացակայությունը, նաև վարորդների ու հետիոտնի անուշադրությունը՝ անվտանգության միջոցների նկատմամբ, Լիդիան Արմենիան իրականացնում է երթևեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ Ամուլսարի շրջակա համայնքներում և ուրախ է այս կարևոր նախագործության շրջանակներում Լիտվայի դեսպանության հետ համագործակցության համար»։

Որպես ծրագրի մաս, անցյալ տարի Լիդիան Արմենիան Ջերմուկում՝ քաղաքի մուտքի մոտ և դպրոցի մոտակայքում փոխարինել էր անսարք լուսացույցները թվային և թարթիչ լուսացույցներով և տեղադրել էր երթևեկության նշաններ: Ընդհանուր առմամբ, ճանապահային անվտանգությանն ուղղված ծրագրերում Լիդիան Արմենիան մինչ օրս ներդրել է մոտ 8 միլիոն դրամ: 

 

Լուսանկարներ

Լիտվական փորձը Ամուլսարի համայնքներում