հետ

Հայկ Ալոյան. «Lydian-ը Հայաստան է բերել հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողների»

«Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին


- Օրերս Լիդիան Ինթերնեյշնլ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքային խումբը ավարտել է աշխատանքները եւ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքների տեղադիրքի վերաբերյալ: Ինչո՞վ էր պայմանավորված նոր տեղադիրքի անհրաժեշտությունը:

- Պայմանավորված էր ՀՀ կառավարության այս տարի ընդունված որոշումներով, որոնք սահմանափակում էին մտցնում նաեւ մեր ծրագրի առաջարկված ենթակառուցվածքների նախկինում ընտրված տեղադիրքի վրա: Խնդրին լուծում տալու համար ստեղծվեց Լիդիան ինթերնեյշնլի եւ ՀՀ կառավարության համատեղ աշխատանքային խումբը, որը վերջերս ավարտեց աշխատանքը եւ դրական արդյունքներ ունեցավ: Նախնական համաձայնություն ձեռք բերեցինք Ամուլսարի հանքավայրի կույտային տարրալվացման հարթակի տեղադիրքի վերաբերյալ, այնպես, որ տեղադիրքը չհակասի կառավարության ընդունած նոր որոշումներին:

Այժմ անհրաժեշտ է իրականացնել առաջարկվող նոր տեղադիրքի համար տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության նորացված գնահատումը:  

- Տարբեր խմբեր տեսակետներ են հնչեցրել, որ նախկին տեղադիրքը բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց էր եւ դա է փոփոխության պատճառը:

- Այդ տեսակետները հերքվել են միջազգային անկախ հեղինակավոր կազմակերպությունների, խորհրդատուների եւ գիտնականների կողմից իրականացված Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականով, որը ծրագրի ֆինանսավորման նախապայման է: Նախկինում ընտրված տեղադիրքը համապատասխանում էր միջազգային բնապահպանական բոլոր չափանիշներին եւ հնչած տարբեր մտոհոգությունները որեւէ գիտական հիմք չունեին: Դա մեր տեսակետը չէ, դա կենսաբազմազանության, օդի, ջրի, աղմուկի, փոշու, հնագիտական եւ այլ անկախ գիտական հետազոտությունների արդյունքն է, որի իրականացման համար ծախսվել է ավելի քան 3 տարի եւ ավելի քան $ 3.3 մլն: Ի դեպ, նախկին տեղադիրքի համար ընկերությունը ուներ նաեւ համապատասխան թույլտվությունները:

Այդուհանդերձ, ՀՀ կառավարության ընդունած նոր որոշումներին չհակասելու համար ստեղծվեց աշխատանքային խումբը՝ նոր տեղադիրք առաջարկելու համար: Ուրախ ենք, որ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց:

- Ի դեպ, բնապահպանական ազդեցության մասին: Վերջերս Ամուլսար էր այցելել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչը՝ ընթացիկ վերականգնման աշխատանքները գնահատելու նպատակով եւ դրական էր գնահատել դրանց ընթացքը: Ինչո՞ւ են իրականացվում ընթացիկ վերականգնողական աշխատանքներ, երբ ծրագիրը դեռ չի մտել բուն շինարարության փուլ:

- Ընթացիկ վերականգնողական աշխատանքները իրականացվում են՝ անկախ ծրագրի ընթացքից: Վերականգնվում են այն տարածքները, որոնք որոնողահետախուզական աշխատանքներից հետո ապագայում չեն օգտագործվելու: Դա միջազգային չափանիշներով իրականացվող ծրագրի համար պարտադիր պայման է եւ Հայաստանում միջազգային լավագույն փորձը կիրառելու Լիդիանի պարտավորությունների եւ ընկերության սկզբունքների մաս է: Այս տարի բնապահպանական վերականգոնղական աշխատանքների համար հատկացվել է 55 մլն դրամ իսկ վերականգնողական աշխատանքներին մասնակցել են հիմնականում շրջակա համայքներից մեր աշխատակիցները: Ընթացիկ վերականգնումը կարեւոր նշանակությւոն ունի բնապահպանական կառավարման ծրագրում:

- Նոր տեղադիրքի համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորումը որոշակիորեն կհետաձգի ծրագրի սկիզբը, ինչպե՞ս դա կանդրադառնա սպասվող տնտեսական արդյունքի վրա:

- Ամուլսարի հանքավայրի շահագործումն, ընդհանուր առմամբ, մոտ $ 400 մլն-ի ներդրումային ծրագիր ունի եւ դրանից սպասվող արդյունքը. մեր գնահատմամբ, 2-3% ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Այս տարի ակնկալվող ներդրումները արդեն նշված պատճառներով ողջ ծավալով չիրականացվեցին: Բնականաբար, նաեւ ակնկալվող աշխատատեղերը եւ շինարարական աշխատանքների համար պայմանագրերը չգործարկվեցին: Սակայն հույս ունենք, որ նոր տեղադիրքի շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո հաջորդ տարի կկարողանանք ավելացնել աշխատատեղերը եւ իրականացնել նախատեսվող բոլոր ներդրումները:  

- Արդյոք շարունակվո՞ւմ են սոցիալական ծրագրերը համայնքներում:

- Բոլոր Այն ծրագրերը, որոնք սկսել էինք, հասցվել են ավարտին: Համայնքների համար դրանք կարեւոր եւ երկար սպասված ծրագրեր էին` թե ենթակառուցվածքների վերանորոգման, թե գյուղատնտեսական ծրագրերը: Այս տարի սոցիալական տարբեր ծրագրեր իրականացրեցինք Ջերմուկում` վերանորոգեցինք մանկապարտեզը, արվեստի դպրոցը: Բացի այդ, Գեոթիմի կողմից հողերի վարձակալության շնորհիվ զգալիորեն ավելացել են համայնքային բյուջեները: Այս տարի հողի վարձակալության համար երեք համայնքներին՝ Գորայքին, Գնդեվազին եւ Սարավանին փոխանցվել է ավելի քան 200 մլն դրամ: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որ համայնքներն ինքնուրույն որոշեն, թե ինչպե՞ս են ուզում զարգացնել իրենց գյուղը եւ ինչ ներդրումներ անել: Թեեւ, իհարկե, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք կշարունակենք ամենատարբեր սոցիալական ծրագրերը:

- Հաճախ կարելի է լսել, որ հանքային ոլորտում շատ են օտարերկրյա ընկերությունները եւ այդ ծրագրերից Հայաստանը չի շահում:

- Նախ ուզում եմ շեշտել, որ Ամուլսարի ծրագիրը 100% իրականացվում է հայաստանյան Գեոթիմ ընկերության կողմից: Դա նշանակում է, որ ընկերությունը աշխատում է բացառապես հայաստանյան օրենսդրական դաշտում, թե՛ հարկային, թե՛ օրենքով նախատեսված այլ պարտավորությունների առումով: Երկրորդ՝ Բրիտանական Լիդիան ինթերնեյշնլ ընկերությունը, որը Գեոթիմի 100% բաժնետերն է, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված միջազգային բաց բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը հասանելի են բոլոր ցանկացողներին: Դա ենթադրում է ֆինանսական թափանցիկ աշխատաոճ: Այսօր բավական բարդ է ցանկացած տեղ միջազգային խոշոր ներդրումներ ապահովելը` հատկապես նոր շուկաներում, ինչպիսին Հայաստանն է: Նոր հանքային ծրագիր համար անհրաժեշտ է միջազգային փորձ եւ զգալի կապիտալ ներդրումներ, եթե մտադիր ես կառուցել ժամանակակից հանք: Այդ պատճառով նույնիսկ զարգացած երկրները ջանքեր են գործադրում մասնավոր ներդրումներ ներգրավելու համար:

Լիդիանը այդ առումով հսկայական աշխատանք է իրականացրել՝ Հայաստան բերելով բազմաթիվ հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողների: Մեր նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ վարկային պարտավորությունների մարումից հետո ընկերությունը մեկ ունցիա ոսկու վաճառքից ստանալու է մոտավորապես նույնքան, որքան կառավարությունը՝ հարկերի տեսքով: Բացի այդ, շահագործման ծախսերի մեծ մասը դարձյալ ներդրվում է երկրում՝ աշխատավարձեր, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի, հանքի պահպանման ծախսեր եւ այլն: Այս առումով երկրի տնտեսական շահը առավել քան ակնհայտ է:

Աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ արդյունավետ իրականացվող հանքարդյունաբերական ծրագրերը ահռելի ներդրում են ունեցել երկրի տնտեսական զարգացման մեջ: Ամուլսարի հանքավայրի շահագործումը հենց այդպիսի ծրագիր է, որը միաժամանակ նոր որակի բնապահպանական կառավարման հնարավորություն է ընձեռում:

Հայկ Ալոյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

/arm/newsdetails/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%B1%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%ABlydian-%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB-/42/