Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունը ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունը այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները:
Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե բոլոր հանքային ծրագրերի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների մշակման գործընթացում, գլխավորել եմ երկրաբանների այն խումբը, որը բացահայտել է անկախությունից հետո Հայաստանի առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրը` Ամուլսարը: Ուստի քաջատեղյակ եմ հանքարդյունաբերության ողջ պրոցեսի առանձնահատկություններին, զարգացման այն բոլոր հնարավորություններին, որոնք կարող են ստեղծել հանքարդյունաբերության ոլորտը եւ այս մասնագիտությունը ցանկացած պետության եւ անհատի համար:
Բայց այժմ ցավով եմ արձանագրում, որ երկրաբանի կամ հանքարդյունաբերության ոլորտի այլ մասնագիտությունների (մետալուրգ, լեռնային ինժեներ եւ այլն) հանդեպ հետաքրքրությունը տարեց տարի նվազում է: Եթե 1960-70-ական թվականներին ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետում 1 տեղի համար 10-ից ավելի դիմորդ կար, այսօր ուսանողներին մատների վրա կարելի է հաշվել: Ու թեեւ այս մասնագիտությունը ամենաբարձր վարձատրվողներից է, լավ մասնագետ գտնելը մեծ փորձություն է դարձել: Կարծում եմ` նման պատկերը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի հետեւողական վարկաբեկմամբ, որին ականատես ենք լինում առնվազն վերջին 10-20 տարվա ընթացքում: Չնայած այն հսկայական դերին, որ հանքարդյունաբերությունն ունի Հայաստանի տնտեսության համար, ոլորտը ըստ արժանվույն չի գնահատվում հանրության կողմից, իսկ վերջինիս նկատմամբ հանրային ընկալումը բացասական է:
«Հացի գործարանը»
Հանքարդյունաբերությունը, ինչպես ցանկացած տնտեսական գործունեություն, զերծ չէ խնդիրներից: Այն ունի որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա` ինչպես գյուղատնտեսությունը, շինարարությունը կամ մարդու ցանկացած այլ գործունեություն: Օրինակ, գյուղատնտեսական նպատակներով աշխարհում տարեկան ոչնչացվում է 7 մլն հեկտար անտառ, օգտագործվող քիմիական պարարտանյութերն ազդում են հողի, ջրի որակի վրա, քաղցրահամ ջրերի պաշարների 70% սպառվում է այս ոլորտում, բայց տարբեր հարթակներում պարբերաբար կարելի է հանդիպել հենց հանքարդյունաբերությունից հրաժարվելու պահանջների, դրան այլընտրանք փնտրելու վերաբերյալ քննարկումների:
Կարդալ ավելին
/arm/newsdetails/%D5%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%C2%AB%D5%A3%D6%80%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB-%D5%A5%D6%82-%D5%BD%D5%B8%D6%81%D6%81%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%AB%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4/313/