հետ

Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն

Լիդիան Արմենիայի Կայուն զարգացման ավագ մենեջերը քննարկում  է հանքարդյունաբերության մասին առկա միֆերը և իրականությունը: Հոդվածի անգլերեն տարբերակը հրապարակվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կայքէջում:  

Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն


Արմեն Ստեփանյան 


Լիդիան Արմենիա ՓԲԸ Կայուն զարգացման ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն):  


Բնապահպանական կառավարման ոլորտում 14 տարվա մասնագիտական փորձի բերումով կարող եմ ասել, որ ամբողջովին տիրապետում եմ Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Որպես ՀՀ քաղաքացի կիսում եմ ակտիվ քաղաքացիների մտահոգությունները՝ ներառյալ, բայց ոչ միայն, հանքարդյունաբերության վերաբերյալ: Միևնույն ժամանակ նաև վստահ եմ, որ հանքարդյունաբերությունը կարող է այլ կառավարում ունենալ: ԱՄՆ ում, Շվեդիայում կամ այլ երկրներում տեսել եմ լավ կառավարվող տասնյակ  հանքեր, որոնք տնտեսական բարեկեցություն են բերում երկրին և համայնքներին: Վստահ եմ, որ Ամուլսարը կարող է նման օրինակ լինել: Բայց կարծում եմ, որ եթե չկարողանանք միֆերը տարբերել իրականությունից, իրականությունը չենք շտկի: Անհնար է լուծել իրական խնդիրները, եթե զբաղված լինենք միֆերով: Ուզում եմ խոսել նման մի քանի միֆերի մասին: Այսօր կանդրադառնամ հանքարդյունաբերության շուրջ ընդհանուր միֆերին, առայժմ առանց Ամուլսարի վերաբերյալ մանրամասների:  Կփորձեմ գտնել մի քանի հարցի պատասխան. հնարավո՞ր է հանքարդյունաբերություն իրականացնել պատասխանատու կերպով և կարո՞ղ է արդյոք նման արդյունաբերությունը տնտեսական օգուտներ բերել: Ստորև՝ առանձնացրել եմ մի քանի միֆ:  

  • Միֆ.  հանքարդյունաբերությունը իրականացվում է միայն աղքատ երկրներում


Իրականություն. հանքարդյունաբերություն իրականացվում է ավելի քան 100 երկրում, ներառյալ՝ Մեծ ութնյակի առաջատար մի քանի երկիր: Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը հրապարակել է հանքանյութի արտադրության ծավալներով առաջատար 20 երկրների ցանկը, ներառյալ Մեծ քսանյակի անդամ Ավստրալիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան և այլ զարգացած տնտեսություններով երկրներ: [i]Հանքարդյունաբերություն իրականացվում է, օրինակ, Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում կամ Չեխիայում: Ցանկը շարունակելի է: 

  • Միֆ. խոշոր ընկերությունները հանքեր շահագործելու համար փնտրում են աղքատ երկրներ, որոնք դառնում են հարուստ երկների “հանքային կցորդը”:  


Իրականություն. զարգացած երկրներում հանքերը մեծամասամբ շահագործում են ընկերությունները, ոչ թե պետությունները: Հանքարդյունաբերությունը գլոբալ արդյունաբերություն է՝ ամբողջ աշխարհից միջազգային ընկերությունների մասնակցությամբ: Բրազիլական Vale ընկերությունը հանքեր ունի Կանադայում, Ավստրալիայում: Լեհական KGHM Polska-ն՝ ԱՄՆ-ում, Չիլիում և Կանադայում: Շվեյցարական Glencor-ը, (որ ինչպես և Լիդիանը գրանցված է Ջերսիում), տնօրինում է Նորվեգիայի ամենախոշոր նիկելի հանքը: Կանադական Kinross-ը՝ Ռուսաստանի խոշորագույն ոսկու հանքը: Իսկ կանադական Barrick-ը հանքեր ունի ԱՄՆ-ում, Ավստրայիալում և այլն:[ii] Բայց կանադացիները հազիվ թե իրենց Լեհաստանի և Բրազիլիայի “հանքային կցորդը” համարեն իսկ Նորվեգիայում հազիվ թե իրենց Շվեյցարիայի “գաղութ” զգան: Հանքարդյունաբերական ընկերությունները ներդրումներ են բերում և փնտրում են մի քանի բան՝ լավ հանքավայր, տնտեսապես շահավետ ծրագիր, ներդրումների համար բաց երկիր, կանխատեսելի օրենսդրություն: Նրանք գնում են այն երկրները, որտեղ այս պայմանները կամ դրանց մի մասը կան, անկախ նրանից դրանք զարգացած թե զարգացող երկրներ են: 




Աշխարհի հանքային քարտեզը . http://www.mapsofworld.com/world-mineral-map.htm

 

  • Միֆ. օտարերկրյա ընկերությունները Հայաստանի հանդեպ “գիշատիչ” հետաքրքրություն ունեն:  


Իրականություն. աշխարհի խոշորագույն 100 հանքարդյունաբերական ընրեություններոց ՈՉ ՄԵԿԸ ներկա չէ Հայաստանում:[iii] Հայաստանի 10 գործող մետաղական հանքերից միայն մեկն է շահագործվում միջազգային փոքր ընկերության կողմից: Լիդիանը երկրորդն է, որ պատրաստվում է ներդնել:  Ներդրումների համար երկրների միջև խիստ մրցակցություն կա: Ըստ Deloitte-ի զեկույցի, հանքարդյունաբերական շուկայում անկման պայմաններում ներդրողները նախըտրում են առավելագույնս կայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ ունեցող երկրները: Կանադայում աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական կոնֆերանսին (PDAC) 66, այդ թվում՝ Մեծ ութնյակի առաջատար երկրներ տաղավարներ ունեին և փորձում էին ներդրումներ ներգրավել:
Հայաստանն, անշուշտ, նույնպես կարող է ներդրումներ ներգրավել, բայց այս պահին գոնե դրանք հենց այնպես չեն հոսում:   
 

  • Միֆ: Միայն աղքատ երկրներն են հանքային հումք արտահանում 


Իրականություն. հումքը հիմնականում վաճառվում է հումքի շուկայում՝ շուկայական գնով և անկախ այն բանից թե որ երկրից է հումքը, վաճառքի գնային սահմանները նույնն են: Գրեթե չկա դեպք, որ հանքարդյունաբերական ընկերությունը ոսկի արդյունահանի և կողքի ոսկու գործարանում դրանից ոսկեղեն արտադրի: Ոսկեգործական, մեքենա կամ հեռախոս արտադրող ընկերությունները ոսկին, պլատինը կամ պղինձը գնում են հումքի շուկայից՝ շուկայական գնով: Մի քանի փաստ արտահանման մասին. Կանադայի արտահանման մոտ 20% հանքանյութ է իսկ Չինաստանը ԱՄՆ-ից հետո Կանադայի երկրորդ արտահանման ուղղությունն է:[iv]Շվեդիայի հանքային արտահանումը 23 մլրդ դոլար է և ընդհանուր արտահանման 10%-ն է կազմում, իսկ արտահանման առաջին ուղղությունը Գերմանիան է, որը գնում է Շվեդիայի երկաթի և պղնձի զգալի մասը: Միայն երկաթի արտահանումը Ավրտալիայի արտահանման 22% է կազմում, ևս 6% ոսկու արտահանումն է, իսկ հիմնական ուղղությունը՝ Չինաստանը[v]


       

 

  • Միֆ. Հայաստանը ահռելի հանքարդյունաբերություն ունի:


Իրականություն. Չնայած ՀԿ-ները հաճախ են հիշատակում 29 մետաղական հանքերը, 2014 թ. Հայաստանում 10 մետաղական հանք է արտադրանք տվել: Դրանցից միայն 4-5-ն են համեմատաբար զգալի ներդրում ունեցել արտահանման ծավալների և տնտեսության մեջ, ինչը նշանակում է, որ մեծ մասը փոքր հանքեր են: Համեմատության համար. Չիլիի միայն մեկ Escondida հանքը 2013 թ. 1 մլն տոննա պղինձ է արտադրել: Նույն տարում Հայաստանի ողջ պղնձի արտադրությունը 41.000 տոննա էր: Ավստրալիայի մեկ Kalgoorli հանքը տարեկան 24,000 կգ. ոսկի է արտադրում: 2012 թ. Հայաստանի ողջ ոսկու արտադրությունը  2.896 կգ էր[vi].
Անշուշտ, Հայաստանի հանքերի տնտեսական արդյունավետության և բնապահպանական ազդեցության գնահատման կարիք կա: Բայց նոր ներդրումներից հրաժարվելը հարցի լուծում չէ: Լուծումը՝ ներկա վիճակի մանրակրկիտ գնահատումն է և արդյունավետ ռազմավարության մշակումը՝ պարզելու, թե ինչ ներդրումներ են անհրաժեշտ ոլորտը օպտիմալացնելու, տնտեսական ազդեցությունը մեծացնելու և բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու համար:  
 

  • Միֆ. զարգացած երկրներում հանքերը հեռավոր, չբնակեցված վայրերում են 


Իրականություն. Հայաստանն իհարկե շատ ավելի փոքր է քան Կանադան կամ Ավստրալիան: Բայց արդյունաբերության ծավալը նույնպես հարյուրապատիկ ավելի փոքր է: Կանադայի միայն մեկ շրջանը՝ Օնտարիոն, 52 գործող հանք ունի, տարեկան  9.8 մլրդ դոլարի արտադրությամբ[vii]. Հայաստանում հանքարդյունաբերության ծավալը 2012 թ. կազմել է մոտ 500 մլն. դոլար: Ինչ վերաբերում է հեռավորությանը. Շվեդական Կիրունա հանքավայրը, որ երկաթի խոշորագույն արտադրողներից է, Կիրունա քաղաքին բառացիորեն կից է: Կանադական Մալարտիկը, որ 2014 ին 24.000 kg ոսկի է արտադրել, Մալարտիկ քաղաքի անմիջական հարևանն է: Օրինակները շատ են:  
Սա չի նշանակում, որ Հայաստանում համայնքների վրա հանքերի ազդեցության վերաբերյալ մտահոգությունները հիմքեր չունեն: Բայց խնդիրը հանքերի կառավարման (շահագործման ձևի), նախագծման (ինչպես են կառուցվել) և տեխնոլոգիայի (ժամանակակից լինելու) մեջ է և ոչ թե՝ գտնվելու վայրի: Նույնիսկ անապատի մեջտեղում վատ կառավարվող հանքը մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով բացասական ազդեցություն կարող է ունենալ: Եվ հակառակը՝ լավ կառավարվող, ժամանակակից հանքը կարող է շրջակայքի համար անվտանգ գործել, նույնիսկ խիտ բնակեցված վայրում:  
 

  • Միֆ. հանքարդյունաբերական երկրները աղքատ են, հանքարդյունաբերությունը չի կարող տնտեսական օգուտ բերել:  


Իրականություն. հանքարդյունաբերությունը Կանադայի, Ավստրալիայի, տասնյակ այլ զարգացած երկրների տնտեսության հիմնաքարերից է: 2012 թ. հանքարդյունաբերությունը Կանադայի ՀՆԱ-ին 36 մլրդ դոլար է բերել:[viii]Հանքարդյունաբերությունը Բրազիալիայի, Արգենտինայի, Չիլիի և մի քանի տասնյակ երկրների տնտեսության կարևոր ճյուղ է: Ինչ վերաբերում է զարգացող երկրներում դրական դինամիկայի օրինակներին. 1985-ին Բոտսվանայի բնակչության 60%-ը աղքատ էր: Այսօր, հանքային ոլորտում ներդրումների շնորհիվ, այս թիվը կրճատվել է մինչև 19%[ix] իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելի քան 7000 դոլար է[x]՝ Հայաստանից կրկնակի ավելի: Իհարկե, կան նաև օրինակներ, երբ երկրները չեն կարողանում բնական ռեսուրսները երկրի համար տնտեսական օգուտների վերածել: Բայց ես հավատում եմ, որ Հայաստանը ունի հաջողության ներուժ: 


  • Միֆ. հանքարդյունաբերական ընկերությունները ստանում են ֆինանսական օգուտի առյուծի բաժինը, իսկ երկրներին միայն հարկերի տեսքով շատ փոքր մասն է հասնում: Հայաստանում հարկային բեռը շատ թեթև է:  


Իրականություն. ըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի զեկույցի՝ աշխարհում հանքային արտադրության արժեքի 50-65% գործառնական և կապիտալ ծախսերն են, որոնց զգալի մասը ծախսվում է երկրի ներսում: Հարկերը և այլ վճարները միջինը կազմում են ևս 15-20%: Աշխատավարձերը, որոնց զգալի մասը դարձյալ երկրի ներսում է մնում, միջինը մոտ  10-20% են: Բաժնետերերի շահույթը, այսպիսով, միջինը մոտ 15-20% է:[xi] Հետևաբար ընկերությունը առյուծի բաժինը չի ստանում: Հատկապես զրոյից կառուցվող ծրագրերի, օրինակ, Ամուլսարի դեպքում:
Հարկերի և ռոյալթիների մասին. հայաստանյան հարկային բեռը բոլորովին թեթև չէ: Համենայն դեպս օրենքը սահմանում է այլ երկրների հետ լիովին համադրելի հարկային բեռ: Հայաստանում հանքային ոլորտում կան լրացուցիչ հարկեր (ռոյալթիներ): Մոտավոր հաշվարկով. 4% հասույթից և 12,5% շահույթից՝ մինչև հարկումն ու տոկոսային ծախսերը: Շահութահարկի դրույքաչափը Հայաստանում 20% է: Եթե մոտավորապես համադրենք հանքային ոլորտի բոլոր հարկերը, կախված ծրագրից և մետաղի գներից, շահույթը կարող է հարկվել 40-50%, որը մոտ երկու անգամ ավելի շատ է քան այլ բիզնեսների պարագայում:

Պարզեցված մոդելը մոտավորապես այսպիսի տեսք կունենա.  

  • 4% ռոյալթի՝ հասույթից
  • 12.5% ռոյալթի՝ շահույթից` հարկումից և տոկոսային ծախսերից առաջ
  • 20% շահութահարկ 


Կանադայի ամենամեծ հանքարդյունաբերական շրջաններից մեկում՝ Բրիթիշ Կոլումբիայիում, օրինակ, մոտավորապես նույն, նույնիսկ ավելի մեղմ մոտեցումն է:


  • ռոյալթի՝ 2%,
  • 13% շահույթից՝ հարկումից և տոկոսային ծախսերից առաջ
  • շահութահարկ՝ 10-16%.[xii]


Այնպես որ, հարկերը, որ հանքարդյունաբերական ըներությունները Հայաստանում պարտավոր են վճարել, լիովին համադրելի են այլ երկրների հետ: Ամուլսարի ծրագիրն, օրինակ, նախնական հաշվարկի համաձայն 11 տարվա շահագործման ընթացքում վճարելու է մոտ 488 մլն. դոլարի հարկ:


Հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն, անշուշտ շատ են: Բայց քննարկումը չի կարող ծավալվել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք մեզ պետք է հանքարդյունաբերություն: Եթե աշխարհի շատ զարգացած երկրներ հանքարդյունաբերությունից տնտեսական օգուտներ են քաղում, ուրեմն մենք էլ կարող ենք: Տնտեսությունը ներդրումների կարիք ունի և հանքարդյունաբերությունը այն ճյուղերից մեկն է, որ կարող է ներդրումներ ներգրավել: Քննակումը պետք է լինի այն հարցի շուրջ, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել ոլորտը, ինչպես այն մոդեռնիզացնել, ինչպես ապահովել բնապահպանական անվտանգությունը և ինչպես հասնել նրան, որ Հայաստանը միանա հաջողակ երկրների ցանկին: Մենք բոլորս ուզում ենք ավելի ուժեղ երկիր և ամուր տնտեսություն տեսնել: Համենայն դեպս Լիդիան Արմենիան հավատում է, որ դա հնարավոր է և որ Ամուլսարի ծրագիրը կարող է այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը դառնալ:  

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/69/