հետ

Ամուլսարի ծրագիրը յուրօրինակ այցեքարտ է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար

ԱրմԻնֆո-ի հարցազրույցը Գեոթիմ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

Գեոթիմ ՓԲԸ-ն Ամուլսարի ոսկու հանքավայրում լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006 թվականից: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` վերջին 20 տարիների ընթացքում առաջինը Հայաստանում: Գեոթիմ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Lydian International ընկերությունը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Lydian International-ի բաժնետեր է դարձել 2009 թվականին, և 2012 թ. մարտի 21-ին ընկերության կապիտալում իր մասնաբաժինը հասցրել 6,80%-ի, իսկ բաժնետոմսերի 10,23%-ը պատկանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC):

Ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը, որը նախատեսում է իրականացնել ՙԳեոթիմ՚ ՓԲԸ-ն: Ինչպես հայտնի է, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը շահագրգռված էր դրա ֆինանսավորմամբ: Արդյո՞ք որևէ տեղաշարժ կա այդ ուղղությամբ, այդ թվում`հանքավայրում ոսկու պաշարների գնահատման հարցում:

Անցնող տարում հետախուզման աշխատանքները դրական արդյունք են տվել: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի կկարողանանք հայտարարել ոսկու պաշարների ավելացման մասին: Հետախուզուման նախնական արդյունքները թույլ են տալիս ակնկալել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի հնավոր պաշարների քանակը կարող է հասնել 5 մլն ունցիայի, թեև սա հաստատելու համար դեռևս հետախուզման աշխատանքների կարիք կլինի:

Ինչպես գիտեք, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ) հանդիսանում է Գեոթիմի սեփականատեր Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր բաժնետերերից մեկը:  Այս ընթացքում ամփոփվում են Միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) աշխատանքները: ԲՍԱԳ-ը դեռևս պետք է անցնի ՀՀ կառավարության պահանջով անկախ փորձաքննություն, որից հետո արդեն ակնկալում ենք անցնել հաջորդ՝ զարգացման և շինարարական փուլին՝ ստանալով ՎԶԵԲ-ի և մի շարք այլ ներդրողների ֆինանսավորումը:

Հանքարդյունաբերությունը Հայաստանի կառավարության կողմից ճանաչվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Արդյո՞ք ներդրողն զգում է պետության աջակցությունը և ինչու՞մ է այն դրսևորվում:

Ամուլսարի ծրագիրը յուրօրինակ այցեքարտ է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար: Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլի բազմաթիվ բաժնետերերի շարքում են Amber Capital-ը, Van Eck Global-ը, AGF բանկը, Franklin Templeton Investments-ը, McKenzie-ն: Այս ներդրողների մեծ մասը առաջին անգամ են Հայաստանում ներդրումներ իրականացնում: Նաև ծրագրի հաջողությունից կարող է կախված լինել այս և մի շարք այլ ընկերությունների հետագա ներդրումների հնարավորությունը Հայաստանում: Կարծում եմ, պետությունը աջակցում է Ամուլսարի ծրագիրը օտարերկրյա ներդրումների հաջողված օրինակ դարձնելու մեր ջանքերին: Նման հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպես նաև ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի ներգրավվածության պայմաններում Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերը կարող են վստահ լինել, որ ծրագիրը կիրականացվի  պատշաճ մակարդակով: Այսպիսի ներդրողները և ընկերության՝ Տորոնտոյի բորսայում ցուցակված լինելու փաստը լավագույն երաշխիքն է, որ ծրագիրը լիովին թափանցիկ է և Գեոթիմը լինելու է օրինակելի հարկատու և պատասխանատու գործատու:

Ավսրտալիայի Քվինսլենդ համալսարանի հանքարդյունաբերության  ոլորտում սոցիալական  պատասխանատվության  կենտրոնի տնօրեն Սալիմ Ալին վերջերս Հայաստանի Ամերիկյան համալսարանում խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման այլընտրանք չկա, սակայն այս կամ այն հանքավայրը շահագործելիս հարկավոր է կշռադատված մոտեցում ցուցաբերել և ներգրավել միջազգային փորձագետներին` էկոլոգիական ռիսկերի գնահատման համար: Արդյո՞ք  անցկացվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի միջազգային նման փորձաքննություն:

Անկախ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գանահատումը (ԲՍԱԳ), որի մասին խոսեցի, իրականացվում է միջազգային անկախ ընկերությունների կողմից՝ միջազգային լավագույն փորձի չափանիշներով: ԲՍԱԳ –ի աշխատանքները իրականացնում են հեղինակավոր միջազգային խորհրդատվական  կազմակերպություններ՝ Wardell Armstrong International-ը և Golder Associates-ը: Հետազոտությունն իր մեջ ներառում է թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական բոլոր պոտենցիալ խնդիրների մանրակրկիտ գնահատում և միջազգային լավագույն փորձի շրջանակներում դրանց լուծման, կանխարգելման կամ մեղմացման առավել արդյունավետ միջոցառումների ներառում:  Արդեն մեկ տասնամյակ է գոյություն ունեն Էկվադորյան սկզբունքները, որոնք բնապահպանական ու սոցիալական ռիսկերի հայնտաբերման, գնահատման ու կանխարգելման առավել խիստ չափանիշներ են նախատեսում հանքարդյունաբերության ոլորտի այն մասնակիցների համար, որոնք ընդունում են դրանք: Լիդիան ինթերնեյշնլը և Գեոթիմը հանձն են առել ընդունել այդ սկզբունքները:  Ավելին՝ Լիդիան Ինթերնեյշնլի պոտենցիալ ֆինանասավորող բանկերն ու ֆինանասական կազմապերպությունները Էկվադորյան սկզբունքների անդամ կազմակերպություններ են և դա լավագույն երաշխիքն է, որ ծրագրի ֆինանասավորումը կիրականացվի միայն այն դեպքում, եթե ծրագիրը նախագծվում և իրականացվում է այդ չափանիշներին համապատասխան:  

Նույն խորհրդաժողովի ժամանակ խոսվել է ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալական պատասխանատվության այլ ոլորտների մասին, որոնք կիրառվում են զարգացած երկրներում հանքարդյունաբերության բնագավառում: Սոցիալական ի՞նչ ծրագրեր է իրականացնում Գեոթիմը:

Թեև հայաստանյան օրենսդրությունը չի պարտադրում հանքարդյունաբերական ընկերություններին հատուկ սոցիալական ծրագրեր իրականացնել, սակայն սոցիալական պատասխանատվությունը նույնպես միջազգային չափանիշների կարևոր մասն ու պահանջն է: Մեր Սոցիալական ծրագրերը սկսվել են հետախուզման վաղ շրջանում: Այս ընթացքում մենք ավելի քան 550 հազար դոլարի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել ազդակիր համայնքներում: Իրականացրել ենք թե՛ ենթակառուցվածքների նորոգում. դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, ջրամատակարարում, գազաֆիկացում, թե՛ կայուն զարգացման, այդ թվում՝ առողջապահական, կրթական և այլ ծրագրեր: Մեր համայնքներում 12 երիտասարդ բարձրագույն կրթություն է ստանում որպես երկրաբան կամ լեռնային ինժեներ և մենք վճարում ենք ուսման վարձը: Մենք նաև աշխատատեղերի հարցում առաջնահերթությունը տալիս ենք ազդակիր համայնքներին: Համայնքներից արդեն մոտավորապես 140 բնակիչ աշխատում է ընկերությունում: Ունենք գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որոնք միտված են համայնքների կայուն տնտեսական զարգացմանը: Սոցիալական պատասխանատվությունը ոչ միայն անմիջական տնտեսական ներդրումն է համայնքներում: Դա նաև ենթադրում է այլ գործունեություն, օրինակ՝ մշակութային ժառանգության խնդիրների ոլորտում: Գեոթիմը լավագույն տեղական և արտասահմանյան մասնագետների ներգրավելով իրականացրել է հնագիտական ուսումնասիրություն տեղանքում՝ դեռևս հետախուզման փուլում: Այս ու շատ այլ ծրագրեր իրականացվում են մեր կողմից միջազգային լավագույն փորձի շրջանակներում և մենք հավատարիմ ենք լինելու այդ սկզբունքներին նաև ծրագրի հետագա զարգացման փուլերում:

Ինչպե՞ս եք գնահատում Ընդերքի մասին նոր օրենքը:

2012 թվականի հունվարին ընդունվեց Ընդերքի մասին նոր օրենքը՝ Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ: Ընդհանուր առմամբ օրենքը դրական ազդեցություն կունենա ոլորտի հետագա զարգացման վրա: Այն ավելի գրավիչ է ներդրողների համար, քանի որ ավելի պարզ ընթացակարգ է նախատեսում հետախուզման լիցենզիայի տրամադրման համար: Միաժամանակ նոր օրենքում մեծ ուշադրություն է հատկացված հարկային խնդիրներին, ավելացվել է հարկային բեռը, ինչից կշահի պետությունը: Կարևորագույն առավելությունը, որ ունի նոր օրենքը՝ ուշադրությունն է բնապահպանական խնդիրներին: Նոր օրենքը պահանջում է ընկերություններից ուսումնասիրության և շահագործման բոլոր փուլերում ունենալ բնապահպանական ներգրավածություն: Պատշաճ կիրառման դեպքում, այն կարող է դրական ազդեցություն ունենալ ոլորտի և շրջակա միջավայրի վրա:  

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2012 թվականին Գեոթիմ ՓԲԸ-ն մտադիր է $52 մլն ներդնել Ամուլսարի ոսկու հանքավայրի երկրաբանահետախուզական և շահագործման նախապատրաստման նպատակով: Որքա՞ն գումար է արդեն ներգրավվել այդ նպատակների համար:

Հետախուզման փուլում ընկերությունը արդեն իսկ կատարել է շուրջ 46 մլն դոլարի ներդրում՝ հիմնականում որոնողահետախուզական աշխատանքների նպատակով: Շինարարության փուլում նախատեսվում է իրականացնել մոտավորապես 270 մլն դոլարի ներդրում: Ներդրումները կշարունակվեն նաև շինարարությունից հետո, հանքի շահագործման ընթացքում, հանքի զարգացմանը զուգահեռ: Մենք ակնկալում ենք շահագործման ողջ ընթացքում իրականացնել մոտավորապես 400 միլիոն դոլարից ավելի ներդրումներ:  Արդյունահանման առավելագույն ծավալի ընթացքում նախատեսվում է բյուջե վճարել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկ՝ կախված ոսկու գներից:

Զգալի տնտեսական զարգացումն արդեն իսկ նկատելի է ազդակիր համայնքներում: Ոչ միայն ուղղակի և անուղղակի աշխատատեղերի և սոցիալական ծրագրերի, այլև համայնքային բյուջեների զգալի աճի շնորհիվ, որ հնարավոր է դարձել մեր կողմից վճարվող հողի վարձակալության հարկերի արդյունքում: Այս մի քանի տարվա ընթացքում համայնքային բյուջեները ավելացել են տարեկան մոտ են 1-3 միլիոն դրամից, յուրաքանչյուր համայնքում հասնելով մոտավորապես 40-70 միլիոն դրամի: Հաջորդ տարի այդ թիվը կհասնի մոտավորապես 200 միլիոնի:
 
Ի՞նչ է Գեոթիմը ակնկալում 2013 թվականից:

2013- ին ակնկալում ենք ավելացնել ներդրումները և աշխատատեղերը: Շարունակելու ենք ներկայացնել Ամուլսարի ծրագիրը միջազգային ներդրումային շուկայում և Հայաստանը՝ որպես ներդրումների համար նպաստավոր ուղղություն: Ամենակարևորը, վստահ ենք, որ հետագա բոլոր տարիներին հնարավորություն ենք ունենալու ցուցադրելու, որ Ամուլսարի ծրագիրը լինելու է օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր, որից կշահեն թե՛ ներդդրողները, թե ազդակիր համայնքները, թե՛ Հայաստանը:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/21/