հետ

Մենք նպատակ ունենք օրինակելի ոսկու հանք կառուցել Ամուլսարում

«Թափանցիկ ու պատասխանատու հանքարդյունաբերությունը, որը պատշաճ ուշադրությամբ է մոտենում շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների խնդիրներին, իսկապես օգուտ է բերում պետությանը»,- ասում է Թիմ Քոֆլինը:

«Գեոթիմ» ընկերությունը, որի 100% բաժնեմասը պատկանում է Տորոնտոյի բորսայում ցուցակված «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին, պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմանին: ՍիվիլՆեթի հետ զրույցում «Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահ և գլխավոր տնօրեն Թիմ Քոֆլինը ներկայացնում է Ամուլսարի շահագործման օգուտները, խոսում հանքարդյունաբերության կարևորության և բնապահպանական պատասխանատվության մասին:

-Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը դարձավ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի անդամ: Ընդհանրապես, Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացասական վերաբերմունք կա, երբ պետական նախկին պաշտոնյաները որևէ կերպով փոխկապված են լինում նման բիզնեսների հետ: Թեև նախկին վարչապետը պարկեշտ մարդու համբավ ունի Հայաստանում, այնուամենայնիվ մտավախություն չունե՞ք, որ Ձեր բիզնեսում նախկին պաշտոնյայի ներգրավվածությունը կարող է վատ անդրադառնալ ընկերության վարկանիշի վրա:

-«Լիդիան Ինթերնեյշնլը» բաց բաժնետիրական ընկերություն է` ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում, ինչը նշանակում է, որ ընկերությունը հաշվետու է հազարավոր բաժնետերերի առաջ և պարտավոր է գործել թափանցիկ: Ընկերության վարկանիշը շատ կարևոր է մեզ համար: Մենք նպատակ ունենք օրինակելի ոսկու հանք կառուցել Ամուլսարում, որը երկարատև դրական ազդեցություն կունենա թե՛ ազդակիր համայնքների, թե՛ երկրի համար: Ընկերության համար պարոն Սարգսյանի` «Լիդիանի» խորհրդի անդամ դառնալը ավելի շատ պայմանավորված է նրա բիզնես փորձառությամբ և միջազգային համբավով, քան նրա` նախկինում Հայաստանի վարչապետ լինելու հանգամանքով: Պարոն Սարգսյանը տարբեր դերակատարումներ ունի մի շարք միջազգային բիզնեսների խորհուրդներում և խորհրդատուի կարգավիճակում: Ինպես դուք եք նշում, նա Հայաստանում ունի բարձր վարկանիշ և որպես հայ նույնպես շահագրգռված է, որ ծրագիրն իրականացվի բնապահպանական և սոցիալական միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, ինչը նաև մեր ընկերության պատրաստակամությունն է: Մենք հույս ունենք, որ հայ հասարակությունը ընկալում է սա որպես լավ մտածված և դրական քայլ:

-Դուք հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ունեք հայ բաժնետերեր՝ Հայաստանում և դրսում: Կարո՞ղ եք անուններ նշել:

-Հայերը կամ ցանկացած այլ ազգի ներկայացուցիչներ ազատորեն կարող են մեր բաժնետոմսերը գնել Տորոնտոյի ֆոնդային բորսայում: «Բաց բաժնետիրական ընկերություն» նշանակում է, որ այն բաց է հանրության համար, ցանկացողները կարող են գնել մեր բաժնետոմսերը` ինչպես անհատները, այնպես էլ տարբեր բանկեր և ֆինանսական կազմակերպություններ: Մենք հույս ունենք, որ հայկական բանկերն ու կազմակերպությունները նույնպես ցանկություն կունենան ներգրավվել մեր բաժնետերերի ցանկում: Երկրաբանական հետախուզումը և հանքարդյունաբերությունը շատ ռիսկային ներդրում են, և դա է հավանաբար պատճառը, որ հայկական բանկերը առայժմ դանդաղում են մասնակցել:

Այդուհանդերձ, մեր ամենախոշոր ներդրողը` նյույորքյան «Ամբեր Կապիտալը» (Amber Capital) իր ֆինանսավորման մի մասը ներգրավում է արտերկրի հայ համայնքներից և ներդրում է անում Հայաստանում նաև այլ ոլորտներում: Նրանք վերջերս գրասենյակ բացեցին Հայաստանում, ինչը կարող է ուղղակի ներդրումների ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել հայաստանցիների կողմից:

-Ամուլսարի պաշարների քանի՞ տոկոսն է «Լիդիանը» շահագործելու: Որքա՞ն է այդ պաշարների ներկայիս շուկայական արժեքը: Որքա՞ն եկամուտ եք ծրագրում ստանալ, եթե ընդունենք, որ ոսկու ներկայիս միջազգային գները կպահպանվեն:

-Գնահատված ոսկու պաշարները հրապարակային տեղեկություն է և հասանելի է մեր կայքում։ Այդուհանդերձ, սա հետաքրքիր հարց է, քանի որ կա այն կանխավարկածը, որ հանքարդյունաբերող ընկերությունները հսկայական փող են աշխատում պետության հաշվին։ Իրականում, հանքի շահագործման ողջ ընթացքում պետությունը ընդհանուր առմամբ հանքից ավելի շատ է ստանում, քան այն շահագործող ընկերությունը։ Մետաղի գները, ինչպես նաև արդյունահանման ծախսերը շատ են տատանվում, ուստի ավելի ճիշտ կլինի շահույթի մասին խոսել հարաբերական տոկոսներով, քան բացարձակ թվերով։ Այդուհանդերձ, մենք ունենք որոշակի պատկերացում, թե ընկերությունը որքան ներդրումներ պետք է անի Ամուլսարի ծրագրում՝ մինչև որևէ շահույթ ստանալը: Մեր կապիտալ ներդրումների ծրագիրը մոտավորապես 450 միլիոն դոլարի կարգի է։ Ամուլսարը նոր հայտնաբերված հանք է։ Այսինքն՝ գումարը ներդրվելու է տեղում, այսպես ասած «ընդերքում»՝ սկսած ոսկի պարունակող առաջին նմուշի հետազոտման ծախսերից, մինչև միջազգային մակարդակի հանքի կառուցումը և հանքի փակման ու վերականգնման աշխատանքները։ Այս գումարի մեծ մասը ներդրվում է հանքի հայտնաբերումից հետո առաջին տասը տարվա ընթացքում: Այդ ընթացքում ընկերությունը դեռևս շահույթ չի ստանում, մինչդեռ պետությունը ստանում է եկամուտ և հասանելիք հարկերը: Երբ ոսկին սկսում է արդյունահանվել և վաճառվել, պետությունը հավաքում է հարկեր և ռոյալթիներ։ Ընկերությունը, մինչդեռ, այդ ժամանակ դեռևս ներդրման վերադարձ չունի, քանի որ պետք է վերադարձնի բանկային վարկերը: Ըստ մեր հաշվարկների՝ Ամուլսարի ծրագրի պարտքերը կմարվեն արդյունահանման չորրորդ տարում։ Միայն դրանից հետո է ընկերությունը սկսում ներդրումների վերադարձ արձանագրել (հանքի հայտնաբերման 14-րդ տարում): Հանքի շահագործման ընթացքում ընկերության շահույթը կազմում է արդյունահանվող ոսկու արժեքի մոտ 24%-ը, և մոտ 22%-ը ուղղակի մուտքերն են պետական բյուջե` հարկերի և ռոյալթիների տեսքով: Մնացած 54%-ը, որ ստացվում է ոսկու վաճառքից, նորից վերաներդրվում է նախագծում (Հայաստանում)` որպես կապիտալ և շահագործման ծախսեր, որի մեծ մասը հատկացվում է տեղական աշխատավարձերին և ծառայություններին, օրինակ` վառելիքի և էներգիայի մատակարարմանը։ Հաշվի առնենք նաև, որ հանքարդյունաբերության մեջ ամեն ուղղակի աշխատատեղին զուգահեռ ստեղծվում է մոտավորապես երեք անուղղակի աշխատատեղ` ծառայության և սպասարկման ոլորտում։ Կարծում եմ՝ վերը բերվածը ցույց է տալիս, որ թափանցիկ ու պատասխանատու հանքարդյունաբերությունը, որը պատշաճ ուշադրությամբ է մոտենում շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների խնդիրներին, իսկապես օգուտ է բերում պետությանը: Կանադան, Պերուն, Չիլին, Բրազիլիան, Ավստրալիան և Հարավային Աֆրիկան այն երկրներից են, որոնք մեծապես շահել են հանքարդյունաբերությունից։ Ազատ շուկայական տնտեսություններում հանքերը շահագործվում են մասնավոր կամ ցուցակված (բաց բաժնետիրական) ընկերությունների կողմից, որոնք ապահովում են նախնական բարձր ռիսկային ներդրումները, բերում անհրաժեշտ փորձառություն և պետությանը վերադարձնում ավելին, քան վերցնում են։

-Դուք ունե՞ք արդյոք ոսկու համաշխարհային գների տրենդի միջնաժամկետ կամ երկարաժամկետ կանխատեսում:

-Ոսկու գնի կանխատեսումը շատ բարդ խնդիր է. հազիվ թե կա այդ հարցի հստակ պատասխան, քանի որ դա կախված է տարբեր փոփոխականներից։ Արդյունահանման տեսանկյունից, կարող եմ ասել, որ աշխարհում 1 ունցիա ոսկու արդյունահանման միջին գինը 1100 դոլար է (չհաշված հարկերը կամ վարկերի տոկոսները)։ Այսօր 1 ունցիա ոսկու շուկայական գինը մոտ 1600 դոլար է: Սա այն փոքր տարբերությունն է, որի մեջ պետք է «տեղավորվել»։ Քանի որ Ամուլսարում կույտային տարալվացման շնորհիվ մեր տարբերությունը ավելի մեծ է, քան համաշխահային միջինը, մենք համեմատաբար ավելի լավ դիրքում ենք մեր ներդրողներին և Հայաստանի Հանրապետությանը վճարելու համար։

-Հանքահումքը Հայաստանի արտահանման առյուծի բաժինն է կազմում: Սակայն շատ են հնչում տեսակետներ, որ պետք է արտահանել ոչ թե հանքահումք, այլ դրանից ստեղծված հավելյալ արժեք ունեցող պրոդուկտներ: Սա իրատեսակա՞ն է:

-Այս հարցի պատասխանը ես չունեմ։ Արդյո՞ք Հայաստանը կարող է լինել մրցունակ մետաղների կոմերցիոն ձուլման և մշակման մեջ։ Անշուշտ գաղափարը արժե պատշաճ կերպով ուսումնասիրել։


Ամուլսարը չի ունենալու պոչամբար։ Ոսկու վերամշակման կույտային տարրալվացման ժամանակակից տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվելու է Հայաստանում:

-Ամուլսարի հանքը` նախատեսվող ցիանային տարրալվացման հարթակով հանդերձ, գտնվում է Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանում, հետևաբար՝ Սևանա լճի ավազանում: Սևանա լճի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հանքի շահագործման ծրագրին: Սևանա լճի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելը եղել է նաև բնապահպանության նախարարության փորձաքննական դրական եզրակացության պայմաններից մեկը: Ինչպե՞ս եք այս պայմանը պահպանելու:

-Նախ՝ հարկ է նշել, որ Ամուլսարը չի ունենալու պոչամբար։ Կույտային տարրալվացումը` ոսկու վերամշակման ժամանակակից տեխնոլոգիա է, որը առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում՝ մեր կողմից: Ցիանային շատ նոսր լուծույթը (առավելագույնը 200 միլիգրամ՝ լիտրում) կաթեցվում է հանքաքարի կույտի վրա, որը փռված է անթափանց երկշերտ թաղանթի վրա: Լուծույթը ոսկու հետ ռեակցիայի մեջ մտնելուց հետո (ինչի արդյունքում ցիանային լուծույթը ավելի է նոսրանում), հավաքվում է, անցնում վերամշակում, որտեղ էլ ոսկին տարանջատվում է։

Ի տարբերություն ոսկու վերամշակման այլ մեթոդների, սա լիովին փակ և ներքին ցիկլ է, որը չունի որևէ արտահոսք դեպի շրջակա միջավայր, և այդ պատճառով համարվում է ավելի անվտանգ։ Հանքավայրի փակման ժամանակ կույտային տարրալվացման հրապարակը ձևափոխվում է, ամբողջությամբ լվացվում, չեզոքացվում, ծածկվում հողով և կանաչապատվում։

Ամբողջ աշխարհում այս գործընթացի բազմաթիվ օրինակներ կան՝ շահագործման և հանքի փակման երկարամյա փորձով։

Երկրորդ` ինչպես վերջերս հաստատեց Սևանի հանձնաժողովի նախագահը, Որոտանի հովիտը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում չէ և առնչվում է Սևանին միայն Սպանդարյանի ջրամբարից Կեչուտ տանող թունելի առկայությամբ, որը երբևէ չի գործարկվել։ Սա նշանակում է, որ հանքարդյունաբերությունը և վերամշակումը այս տարածքում արգելված չէ։ Երրորդ` ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատել է մեր Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը Որոտանի հովտում վերամշակման համար։

Այդուհանդերձ, քանի որ Ամուլսարը նոր հայտնագործված հանքավայր է, մենք որոշակի ճկունություն ունենք հանքի ենթակառուցվածքների վերջնական նախագծի հարցում։ Վերջերս մենք ոսկի ենք հայտնաբերել ջարդիչ կայանի ծրագրված վայրում, ուստի, ստիպված ենք վերանայելու ենթակառուցվածքների դասավորությունը։ Այժմ մենք կառուցողական աշխատանք ենք տանում նախարարության հետ՝ հանքի ենթակառուցվածքների դասավորության նոր առաջարկների շուրջ: Հարկ է նշել, որ կա որոշակի հրատապության խնդիր: Որքան արագ բոլորս համաձայնենք վերջնական դասավորության շուրջ և անցնենք հաջորդ փուլին, այնքան լավ բոլորի համար։ Ոսկու արդյունահանումը ծախսատար գործ է. ժամանակի կորուստը կարող է նշանակել նաև ներդրումների կորուստ նախագծի և երկրի համար։

Եվ վերջապես. ժամանակակից հանքարդյունաբերությունը պատշաճ իրականացվելու դեպքում ներառում է սոցիալական, բնապահպանական և հարակից խնդիրների պատշաճ լուծումներ։ Կույտային տարրալվացման հարթակները հաջողությամբ գործում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Ռուսաստանը և այլն: Հանքարդյունաբերություն կա աշխարհի բոլոր մայրցամաքներում, բոլոր այն երկրում, որտեղ կան հանքային ռեսուրսներ, և հանքարդյունաբերությունը մեծ բաժին ունի այդ երկրների տնտեսության մեջ։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը կիրառում է հնարավոր բոլոր ռիսկերը մեղմելու լավագույն միջոցները: Ինչպես և արդյունաբերության ցանկացած այլ ճյուղ, հանքարդյունաբերությունը նույնպես այսօր խիստ տարբերվում է 30 տարի առաջվա հանքարդյունաբերությունից։ Սա է, որ մենք ցանկանում ենք ցուցադրել Ամուլսարում:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/30/