168 ժամ պարբերականին տված հարցարույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանել է նաև Ամուլսարի ծրագրին վերաբերող հարցին:
- Խոսելով արևմտյան ներդրումներից՝ կխնդրեի Ձեզ անդրադառնալ «Լիդիան ինթերնեյշնլի» մաս կազմող «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրին։ Դուք և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ողջունել եք այդ ծրագիրը, ինչի համար որոշակի քննադատության եք արժանացել Հայաստանի բնապահպանների կողմից, չնայած ակտիվ եք նաև բնապահպանության հարցերում։ Ինչպե՞ս հասկանալ այդ մոտեցումը, և կա՞ արդյոք մի կետ, որտեղ հնարավոր է հավասարակշռել բնապահպանությունն ու հանքարդյունաբերությունը։
- Շնորհակալություն հարցի համար, և հենց այդ հավասարակշռությունը, իմ կարծիքով, ճիշտ մոտեցումն է։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ողջունում ենք նրանց էներգիան և ակտիվությունը՝ հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի վրա ազդող այլ ոլորտներում։ Մենք շարունակելու ենք նրանց հետ աշխատել։ Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ հանքարդյունաբերությունը վատն է։ Հայաստանն այսօր զգալի կախվածություն ունի հանքարդյունաբերությունից, որն արտահանման մեջ մեծ կշիռ ունի և մեծ քանակով աշխատատեղեր է ապահովում։ Այսինքն՝ գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հանքարդյունաբերությունը ճիշտ ձևով իրականացնել՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես այս մասին զրուցել եմ իմ բրիտանացի գործընկերոջ և բարեկամի հետ։ Պատճառը, ինչի համար մենք աջակցում ենք «Լիդիանի» նախագծին, այն է, որ դա ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից, իսկ դա նշանակում է, որ պետք է պահպանվեն միջազգային ամենախիստ ստանդարտները։ Կապ չունի՝ հանքարդյունաբերությա՞ն, թե՞ մեկ այլ ոլորտում, երբ ընկերությունը ֆինանսավորվում է այս միջազգային կառույցների կողմից, ապա նրա առջև դրվում են մի շարք պայմաններ՝ հետևել միջազգային լավագույն փորձին և չափանիշներին։ Հանքեր կան ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում և այլուր։ Այսինքն՝ հնարավոր է ճիշտ ձևով հանքարդյունաբերություն կազմակերպել՝ բավարարելով բոլոր պահանջները։ Եվ մեր նպատակն է՝ աջակցել, որպեսզի Հայաստանում դա իրականություն դառնա։ Եվ կա նաև հարցի երկրորդ կողմը. Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ պաշարներ ունի, և դրա շահագործումը տնտեսական մեծ օգուտներ կապահովի Հայաստանի համար։ Բացի հարկեր վճարելուց՝ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքից շահում են նաև տեղի բնակիչները։ Այսինքն՝ հանքարդյունաբերությունից կարող են շահել բոլորը։ Դա է ամենակարևորը, որին հասնելու համար հանքարդյունաբերողները պետք է աշխատեն գերատեսչությունների և տեղի բնակչության հետ ։
- Այսինքն՝ «Գեոթիմը» հենց այն ընկերությունն է, որը Ձեր նշած՝ «ճիշտ հանքարդյունաբերությա՞մբ» է զբաղվում։
- Այո, ես կարծում եմ, որ «Լիդիանը» հենց այն ընկերությունն է, որը կարող է իրականացնել դա։ Ես այցելել եմ երեք համայնքները, որոնք գտնվում են այդ հանքավայրի հարևանությամբ, խոսել եմ այդ համայնքների ղեկավարների հետ։ Նրանք աջակցում են հանքավայրի նախագծին, համագործակցում են ընկերության հետ։ Կատարվել են մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ, օրինակ՝ լաբորատորիա է կառուցվել գյուղում, և աշխատողներից շատերը տեղի բնակիչներ են։ Այսինքն՝ այս նախագիծը նոր աշխատատեղեր է ստեղծում։ Այնպես որ, այո՛, ես կարծում եմ, որ նրանք զբաղվում են ճիշտ հանքարդյունաբերությամբ, ներմուծում են միջազգային լավագույն փորձը, և հուսով եմ՝ այդ առումով դրական ազդեցություն կունենան նաև Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների վրա։
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/50/