- Բայց դուք երկու տարի սպասել եք եւ միայն վերջին երկու ամսում կարծես սկսեցիք կտրուկ գործողությունների դիմել։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Տեսեք, կա մի քանի տասնյակ մարդկանց ապօրինի գործողությունների հանդեպ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանք արդեն երկու տարի։ Տասնյակ նամակներ, բողոքներ գրելուց հետո, դատարանի կողմից մեր տարածք ներխուժման փաստն արձանագրելուց հետո, մենք ակնկալում էինք պատկան մարմինների համարժեք գործողություններ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Զուգահեռաբար, շրջակա համայնքներում հասունացել է ծանր սոցիալ-տնտեսական վիճակ։ Կարծում եմ՝ համայնքների բնակիչները համոզվել են, որ որեւէ բնապահպանական եւ իրավական խնդիր իսկապես չկա։ Ի՞նչ կտրուկ գործողությունների մասին է խոսքը, երբ մենք ունենք աշխատելու բոլոր իրավունքները, իսկ համայնքը պատրաստակամ է եւ ուզում է աշխատել։ 

- Ուզում եք ասել, որ համայնքում հիմա ավելի՞ կողմ են, քան նախկինում։

- Կարծում եմ՝ ճանապարհ փակողները երբեք չեն ներկայացրել համայնքները։ Բայց այսօր, առավել քան երբեւէ, համայնքներում մարդիկ, կարծում եմ, պատրաստ են իրենց ձայնը լսելի դարձնել, չնայած պատկան մարմինների ոչ ադեկվատ գործողություններին ու համայնքներում դեռեւս տիրող վախի ու ապօրինության մթնոլորտին։

- Դուք պարբերաբար հայտարարում եք, որ հնարավոր բախումների համար իրավապահ մարմինները պետք է պատասխանատու լինեն։ Հնարավոր համարո՞ւմ եք բախումները։ 

- Մենք հույս ունենք, որ նման բան տեղի չի ունենա։ Համայնքներում հարյուրավոր մարդիկ սպասում են իրենց օրինական աշխատատեղերի վերականգնմանը։ Ավելին, այդ համայնքներում հարյուրավոր այլ մարդիկ չեն աշխատել Ամուլսարում, բայց օգտվել են ընձեռած բիզնես հնարավորություններից։ Տասնյակ խանութներ, փոքր արտադրամասեր, սպասարկման ծառայություններ փակվել են, սնանկացել, մնացել են ծանր վարկային բեռի տակ։ Այո, մարդիկ համբերատար սպասել են կառավարության որոշմանը եւ այսօր կոնկրետ քայլեր են ակնկալում։ Այս համայնքների բնականոն կյանքն ապահովելը եւ օրենքը երաշխավորելը պատկան մարմինների գործն է։ 

- Բայց չէ որ կան բնապահպանական անպատասխան մնացած հարցեր։ Ճանապարհը փակողների փաստարկը հենց դա է։ Անցյալ շաբաթ էլ պահանջում էին անվավեր ճանաչել ՇՄԱԳ-ը։ 

- ՇՄԱԳ-ը չեղարկելու ոչ մի հիմք չկա։ Երկու տարվա ընթացքում բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ Ամուլսարն անցել է այնքան փորձաքննություն, աուդիտ ու ստուգում, որքան Հայաստանի պատմության մեջ ոչ մի ձեռնարկություն չի անցել։ Դուք կարծում եք, որ եթե որեւէ բան բացահայտվեր, դա չէ՞ր օգտագործվի «Լիդիանի» դեմ։ 

- Դե, գուցե ինչ-ինչ պայմանավորվածություններ կարող են լինել։ Համենայնդեպս, այդպիսի կասկածներ եւս հնչում են։ 

- Գիտեք, այս դավադրությունների տեսություններն արդեն նույնիսկ ծիծաղելի չեն։ Եթե լսեք մեր ընդդիմախոսներին, «կպարզվի», որ «Լիդիանը» թե՛ նախկինում, թե՛ հիմա բոլորի հետ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ ուներ, բոլորին կաշառել է, ինչ-որ մութ ուժեր են «Լիդիանի» մեջքին։ Բայց, չգիտես ինչու, հենց «Լիդիանն» է երկու տարի շարունակ ապօրինի զրկված աշխատելու իրավունքից, եւ հենց Ամուլսարի դեմ էր տարիներով իրականացվում լավ ֆինանսավորված արշավ։ Իրականությունը շատ ավելի պարզ է՝ խաղի այլ կանոններ ներմուծած, թափանցիկ ու լավագույն չափանիշներով աշխատող ընկերության դեմ իրականացվել է արշավ, եւ արդեն երկու տարի ընկերությունն ապօրինի զրկված է աշխատելու իրավունքից։ Դրա հիմքում չկա ոչ մի իրավական արդարացում, ու տեղի ունեցողն աղաղակող ապօրինություն է, ինչն առաջին հերթին մեր երկրի համար է ամոթ։