հետ

Վաղ, թե ուշ օրենքը պետք է գործի

Այսօր Լիդիան Արմենիան հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ամուլսարի տարածքում սկսել են գույքագրման աշխատանքներ, ու առերեւույթ գողության ու վանդալիզմի փաստեր են հայտնաբերվել տարածքում։ Արդյոք Լիդիանում ակնարկում են, որ Ամուլսարի ճանապարհը փակող ակտիվիստները տարածք մուտք են գործել ու ապօրինությո՞ւն են իրականացրել։ Լիդիանից 168.am-ի հարցերին պատասխանեց իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը։

– Նախ, ուզում եմ նշել, որ այդ մի խումբ անձինք, արդեն երկու տարի իրականացնում են ապօրինություն, փակելով ազատ տնտեսվարելու կիրառելի բոլոր իրավունքներն ունեցող երկրի խոշորագույն ներդրողի տարածքի մուտքերը, ապօրինաբար զրկելով հազարավոր մարդկանց աշխատելու իրավունքից, ու ահռելի վնաս հասցնելով երկրին։ Ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդագրությանը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Լիդիանին պատկանող Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի ամենաթողություն է ։ Գույքագրման ընթացքում այո, առերեւույթ ապօրինությունների հետքեր կան եւ իրավական երկրում պետք է ակնկալել թե՝ Ամուլսարի ապօրինի շրջափակման վերացում, թե՝ տեղի ունեցածի իրավական խիստ գնահատական։

– Ի դեպ, անցյալ շաբաթ էլ  Լիդիան Արմենիան հաղորդագրոթյուն էր տարածել, այն մասին, որ փորձագիտական չափագրման արդյունքներով, ոստիկանությունը պետք է սահմանված ժամկետներում տարհաներ ակտիվիստների տնակները։ Որքան էր սահմանված ժամկետը եւ արդոք այնտեղ ինչ-որ գործողությունների իրականացվել ե՞ն ոստիկանության կողմից։
 
– Համաձայն ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշման ՀՀ ոստիկանությունը  պարտավոր էր անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածք և այնուհետև ձեռնարկեր վագոն-տնակները Ամուլսարի տարածքից հեռացնելու գործընթացը, սակայն պետք է արձանագրենք, որ մինչ օրս Ամուլսարի տարածքում ապօրինաբար տեղակայված վագոն-տնակները շարունակում են մնալ իրենց տեղերում, փաստացի ապօրինի ներխուժումը շարունակվում է:

–   Այսինքն, ոստիկանության կողմից քայլեր չե՞ն ձեռնարկվել։  

– Ինձ մոտ տպավորություն է, որ ոստիկանությունը, այս ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր գործառույթները իրականացնելու փոխարեն, բոլոր հնարավոր ու անհնար հիմնավորումներով ու պարզաբանումներով փորձում է գործընթացը ձգձգել: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ներկայացուցիչներն մեզ հասած տեղեկություններով արդեն 3-րդ չափագրումն են իրականացնում տարածքում: Ոստիկանությունը վերջապես պետք է ընդունի, որ նույնիսկ 5-րդ կամ 6-րդ չափագրման արդյունքներն էլ հաստատելու են վագոն-տնակների՝ Լիդիանի օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում տեղակայված լինելու փաստը, քանի որ GPS կոորդինատները հստակ են և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն կարող այլ կերպ մեկնաբանվել: Վագոն-տնակների շուրջ արդեն երկու տարի շարունակ տևող այս անիմաստ քննարկումները արդեն անլուրջ են և խիստ մտահոգիչ: Ոստիկանությունը շարունակում է անտեսել կիրառելի իրավակարգավորումներն առ այն, որ վագոն-տնակները գտնվում են Լիդիանի տարածքում:

– Իսկ ո՞րն է լինելու ընկերության հաջորդ քայլն այս պարագայում:

– Լիդիանը գործել և գործում է բացառապես օրենքի շրջանակներում և մենք հետամուտ ենք լինելու բոլոր հնարավոր ատյաններում մեր խախտված իրավունքները վերականգնելուն: Այս պահին արդեն իսկ երկրորդ հայցն ենք ներկայացրել դատարան և օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք մինչև մեր օրինական իրավունքների վերականգնումը: Վաղ, թե ուշ օրենքի ուժով Լիդիանի տարածքում ապօրինի տեղակայված վագոն-տնակները հեռացվելու են Լիդիանի տարածքից, իսկ ապօրինություն հանդուրժող ոստիկանության ներկայացուցիչներն ունեն առնվազն մտահոգվելու պատճառ: Բոլորը պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը օրենքի և օրինականության երկիր է:

 

 

/arm/newsdetails/%D5%8E%D5%A1%D5%B2-%D5%A9%D5%A5-%D5%B8%D6%82%D5%B7-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB/266/