Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրն է։ Այն հայտնաբերվել է ծավալուն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում։
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Լիդիան Արմենիայի կողմից Ամուլսար լեռան մերձակայքում իրականացված լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հետախուզվել, հաշվարկվել և արդյունաբերական նշանակություն են ստացել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի պաշարները:
Հանքավայրը, իր կառուցվածքային տեսակետից գտնվում է Զանգեզուրի հանքային գոտու հյուսիս-արևելյան եզրին և բնութագրվում է երկու խոշոր շերտախմբերով`հանքաբեր և ոչ հանքային:
1. Հանքաբեր` վերին հրաբխանստվածքային շերտախումբը բաղկացած է անդեզիտային խմբի հրաբխաբեկորներց, փշրաբեկորներից և տուֆերից (անդեզիտային "թիկնոց"), որը միջօրեականի ուղղությամբ ձգվում է շուրջ 5000 մ, իսկ հզորությունը հասնում է մինչև 350-400 մ:
2. Ոչ հանքային` ստորին հրաբխաբեկորային շերտախումբը բաղկացած է արգիլացման ենթարկված անդեզիտային կազմի ապարներից, որոնք համասեռ են և չջարդոտված: Շերտախմբի հզորությունը տատանվում է 100-300 մ-ի սահմաններում (հասակը` միջին էոցեն):
Ամուլսարի տեկտոնական բլոկը բոլոր կողմերից սահմանազատված է խոշոր խախտումներով, որոնցից ուշադրության է արժանի հյուսիսային սահմանագծով անցնող Կեչուտ-Զիրակի լայնական խզումը, որը հետապնդվում է Կեչուտ գյուղից Զիրակ հրաբխի վրայով դեպի Որոտան գետի ակունքները և բնութագրվում է մանր ինտրուզիաների և հիդրոթերմալ փոփոխված ապարների ելքով, իսկ նրա կախված թևում տեղայնացված է հանքայնացումը:
Ամուլսարի հանքավայրը ունի ջրաերկրաբանական առանձնացված (ավտոնոմ) պայմաններ և դրանք բարենպաստ են հանքավայրի շահագործման, լեռնահանքային և լեռնահորատման աշխատանքների իրականացման համար:
Հանքավայրի ջրաերկրաբանական բնութագիրը առանձնանում է իր ինքնուրույն ռեժիմով և ոչ մի կերպ կապված չէ հարակից շրջանների հանքային և քաղցրահամ ջրերի հանքավայրերի, աղբյուրների հետ, հատկապես և առավել ևս` Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի հետ, որը սնվում է այլ տեկտոնական բլոկից, Ամուլսարի հանքավայրից սահմանազատվում է վերոնշյալ` Կեչուտ-Զիրակի խոշոր խորքային խզումով, տեղադրված է 1000 մ հիպսոմետրիկ ցածր տեղանքում և սնվում է խորը հորիզոններից:
Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով:
Ներկա դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիային:
Լիդիան Արմենիային տրամադրված է հանքավայրի ողջ հաստատված պաշարները` 89376.3 հազ.տ հանքաքարի, ոսկու` 73733 կգ (միջին պարունակությունը 0.78 գ/տ), արծաթի` 294.367 կգ (միջին պարունակությունը ` 9.29 գ/տ) քանակություններով:
Հանքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տ հանքաքարի արտադրողականությամբ:
Հանքավայրից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում:
/arm/pages/about-the-mine/70/