հետ

Վիգեն Տատինցյան՝ կյանք ճերմակ խալաթի եւ համազգեստի միջեւ

Մանկություն՝ Աֆղանստանի սահմանային գյուղում, պատանեկություն՝ Արցախում, երիտասարդություն՝ Իրաքում: Վիգեն Տատինցյանի կյանքի քարտեզը հարուստ է կարմիր կետերով, որոնցով նշված են պատերազմական թեժ օրերն ու ռազմական բժշկի սխրանքները:

Վիգեն Տատինցյանը ծնվել է Աֆղանստանի սահմանային Կուշկա քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Հայրը՝ Առնո Տատինցյանը, խորհրդային բանակի կադրային սպա էր: Դեռ փոքր տարիքում զինվորական համազգեստով հոր կերպարն իր մեջ ծնել էր երազանքներ ու դրանց հետեւելու հաստատակամություն: 

Մանկության երազանքն ու Արցախյան պատերազմի հերոսի որդին

Սկզբում երազում էի հորս նման զինվորական դառնալ, իսկ մայրս ուզում էր, որ ես բժշկի մասնագիտությունն ընտրեմ: Մորս արցունքներն ինձ համոզեցին եւ այնպես ստացվեց, որ, ի վերջո, կյանքիս մեծ մասը նվիրեցի ռազմական բժշկությանը: 

Հայրս Անդրկովկասյան զինվորական օկրուգի 7-րդ բանակի հրթիռահրետանային ուժերում էր ծառայում, երբ Արցախում սկսվեցին ռազմական գործողությունները: Նա եկավ Հայաստան եւ միացավ նորաստեղծ պաշտպանության պետական կոմիտե, որտեղ գլխավոր ռազմական մասնագետն էր: Մարտի դաշտ գնաց 1991թ.-ից:

1992թ.-ի օգոստոսին հայրս ստեղծեց առաջին հրետանային մարտկոցները: Ես այդ ժամանակ 22 տարեկան էի: Մի քանի անգամ ինձ բախտ վիճակվեց նրա հետ մասնակցել մարտական գործողություններին, թեեւ ինձ վռնդում էր, ասում էր՝ ես ձեր բոլորի փոխարեն եմ կռվում: 

Հիշում եմ առաջին ջոկատներն ու հայկական բանակի առաջին զորակոչի զինվորներին: Գիշեր էր: Մենք կանգ առանք, դուրս եկանք ճանապարհից, շուրջը լեռներ էին: Ես նույնպես զինվորական համազգեստով էի, «ԶԻԼ»-ից դուրս եկա զբոսնելու, ամենուր զինվորներ էին, ոմանք՝ քնած: Քայլում էի, հանկարծ լսեցի զինվորներից մեկի ձայնը.

-Կներեք, էստեղ արջ կա՞: 

-Արջ չկա, հանգիստ քնիր,- պատասխանեցի:  Ծիծաղելի էր: Մտածեցի՝ երկու օրից այս տղաները կմասնակցեն ծանր մարտական գործողությունների… 

Հոր կիսատ մնացած գործն ու ռազմական բժշկի կամավոր վերադարձը Արցախ

Հայրս՝ հրթիռահրետանային զորքերի վարչության շտաբի պետ, գվարդիայի հրետանու գնդապետ Առնո Տատինցյանը, զոհվեց 1992թ.-ին: Նրա մահից հետո, երբ արդեն ավարտել էի ուսումս, ինձ զինկոմիսարիատից ծանուցագիր եկավ՝ ռազմական բժիշկների պակաս կար: Հավաքվեցի, գնացի Չարբախի զինկոմիսարիատ: 

Ազգանունով եւ հայրանունով ճանաչեցին: Մոտեցավ զորակոչային հանձնաժողովի ղեկավարը եւ սպաներին ասաց, որ չեն կարող ինձ զորակոչել, քանի որ ըստ կարգի՝ զինծառայողների ընտանիքի անդամները զորակոչի ենթակա չէին: 

Դիմում գրեցի եւ խնդրեցի ինձ կամավոր բանակ զորակոչել: Զորակոչեցին ու մեկնեցի Քարվաճառ: 

Գիշերը միացա 4-րդ հատուկ մոտոհրաձգային գնդին: Հրամանատարը Գագիկ Մելքոնյանն էր, հրաշալի մարդ եւ զինվորական: Ընդհանրապես, հրաշալի գունդ էր՝ հպարտ եմ, որ իմ ծառայությունն այնտեղ սկսեցի: Դիրքերը բարձր լեռներում էին, Օմարի լեռնանցքում: Ձմռանը -30 աստիճան ցուրտ էր: Ծանր ու խիստ պայմաններ էին, բայց մենք շատ ամուր մարտական թիմ էինք: Անկեղծ կասեմ՝ իմ կյանքի լավագույն տարիները Քարվաճառում անցան: 

Շատ ծանր պահեր են եղել, հաճախ ականի պայթյուններից ու սնայպերական կրակոցներից զինվորները վիրավորվում էին, իսկ բժշկական պարագաները քիչ էին: Երբ եկա բուժկետ, անասնաբուժական ցավազրկողներ ունեինք կամ հասարակ անալգին եւ դիմեդրոլ ու անհատական վիրակապական փաթեթներ: 

Մի անգամ զինվորներից մեկի ստորին վերջույթները վիրավորվել էին, ուժեղ արնահոսություն էր մոտը: «Ուրալով» բարձրանում էինք, ձմեռ էր, մերկասառույց: Հասանք տեղ, դեղորայք չկա, զինվորը գոռում է ցավից, ճոճվում, ճնշումն իջնում: Բայց ես ինձ հետ միշտ ունեի իմ դեղորայքը: Երբեմն, նույնիսկ, իմ վախի եւ ռիսկի հաշվին, ստիպված այնպիսի դեղեր էի օգտագործում, որոնք թույլատրելի չէին ոչ հոսպիտալային պայմաններում: 

Կարդալ ավելին

/index.php?m=newsOne&lang=arm&nid=151