հետ

«Լիդիանը» մեկ անգամ ևս ահազանգում է․ անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով

Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
 
Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ: Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապահրների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր և կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների և ԱԻՆ համատեղ ջանքերով,   օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից և արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։
 
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզաման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը և մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն:
 
Հիշեցնենք, որ Լիդիանը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում և տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ:
 
«Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս պնդում է․ անհրաժեշտ է վերակագնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։

Տեսանյութ