հետ

Կաշառելը, մարզի «տերերի» կամ թաղի «նայողների» հետ «լեզու» գտնելը մեր մեթոդը չէ

Hraparak.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

- Պարոն Ալոյան, վերջերս իշխանական թեւի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ, հանդիպել բնակիչների հետ ու փորձել համոզել բացել ճանապարհները։ Ցուցարարները սա համարում են ճնշում ու չեն պատրաստվում բացել ճանապարհները։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում, կո՞ղմ եք նման ճնշումների ճանապարհով խնդիրը լուծելուն։

- Տպավորություն է ստեղծվում, որ արդեն 1,5 տարի տեւող ապօրինությունից հետո դեռ մի բան էլ մենք պիտի արդարանանք մեր տարածք մուտք գործելու իրավունքի համար։ Եկեք մի բան արձանագրենք։ Ճանապարհները փակվել են ապօրինի, եւ դրանք պետք է օրինական ճանապարհով բացվեին այս ապօրինությունը սկսվելու նույն օրը։ Մինչդեռ անցել է 1,5 տարի, ու հիմա մենք քննարկում ենք, մեծ հաշվով, ոչ էական հարց՝ ինչպես ենք մենք վերաբերվում պատգամավորների այցին ու զրույցին ապօրինություն իրականացնող մարդկանց խմբի հետ։ Ոչ մի կերպ էլ չենք վերաբերվում։ Մեզ ոչ ոք «շնորհ» չի անում։ Ճանապարհներն ապօրինի փակ են, եւ Հայաստանը շարունակում է խախտել միջազգային ու երկկողմ պայմանագրեր։ Օրենքն ու դատարանների որոշումները կոպտորեն ոտնահարվում են, «Լիդիանի» հանդեպ իրականացվում է թիրախավորված, խտրական ստուգում-վերստուգումների արշավ, ու սա այն պարագայում, երբ բոլոր կողմերն ընդունում են «Լիդիանի» բացառիկ բնապահպանական ստանդարտները։ Ավելին, Ձեր նշած այցից հետո որոշ պատգամավորների տարօրինակ հայտարարություն-արդարացումները, թե, միեւնույն է՝ «Լիդիանը» դեռ չի աշխատելու, խտրական թիրախավորման շարունակություն է։ Այսինքն՝ «լավ, էլի, ճանապարհները բացեք, հետո մի բան կանենք, չեն աշխատի»։ Եվ սա ինչ-որ մեկը համարում է նորմա՞լ իրավական պետությունում։

- Բայց չէ որ մյուս կողմում համայնքն է։

- Դա նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Արդեն մեկուկես տարի փորձ է արվում ֆինանսական ու քաղաքական հովանավորությամբ գործող մի խումբ մարդկանց ներկայացնել որպես «համայնք»։ Նայեք վերջին մի տարվա բոլոր ակցիաներն ու հանդիպումները իբր «համայնքի» հետ։ Նայեք հենց ձեր նշած հանդիպումը։ 100 հոգի են, ու առաջին պլանում արդեն 1,5 տարի նույն 8-10 գործող անձինք են։ Ես չեմ բացառում, որ նրանց մեջ անկեղծ մարդիկ կան, բայց դա «համայնքը» չէ։ Ջերմուկում ու Գնդեվազում 5 հազար մարդ է ապրում։ Ձեզ չի՞ հետաքրքրել՝ ո՞ւր են այդ մարդիկ։ Ինչո՞ւ են դահլիճում միշտ նույն մի քանի հոգին։ Իրականությունն այն է, որ համայնքի ձայնը լռեցվել է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Լիդիանի» հարյուրավոր աջակիցներ կաշկանդված են ու ահաբեկված։ Մարդիկ ծեծի են ենթարկվում, ահաբեկվում են, եթե համարձակվում են հանքին կողմ խոսել։ Ու արդեն 1,5 տարի այդ տարածքում ոչ մի օրենք չի գործում։ Ջերմուկում ու Գնդեվազում հացը պարտքով են գնում։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը։ Իրականությունն այն է, որ նրանք վախենում են խոսել, որովհետեւ իրենք «քաղաքական մոդայից» դուրս են։ Իրենք ակտիվիստ չեն։ Աշխատավոր մարդիկ են, որոնք պետք է իրավական պետության աջակցությունը տեսնեին, որը չեն տեսել ու, ցավոք, հիմա էլ չեն տեսնում։

- Լավ, եթե խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է, համայնքում էլ՝ Ձեր պնդմամբ, դեմ չեն հանքին, ինչո՞ւ չեք կարողանում մուտքը վերականգնել։

- Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ անընդհատ հարցրել են՝ «ուրիշ ձեւերով» չե՞ք կարողանում հարցերը լուծել։ Մենք մի պատասխան ունենք՝ իրավական կորպորացիան նման «ձեւերով» հարցեր չի լուծում։ Կաշառելը, մարզի «տերերի» կամ թաղի «նայողների» հետ «լեզու» գտնելը երբեք, ոչ մի իշխանության օրոք մեր մեթոդը չի եղել եւ չի լինի։ Պե՞տք է արդյոք Հայաստանին քաղաքակիրթ բիզնես գործելաոճով աշխատող ընկերություն, թե ոչ՝ այլ հարց է, ու հիմա մեր հասարակությունը հենց այդ հարցի պատասխանն է տալիս։ Ուզո՞ւմ է ունենալ որակապես այլ բիզնես գործելաոճ, թե՞ Հայաստանում տեղ ունեն միայն ավանդական «ձեւերով» աշխատողները։ Այդ հարցի պատասխանն ու պատասխանատվությունն այսօր մեր հասարակության վրա է, ու, ցավոք, այս պահին այն դրական չէ։

- Իսկ ինչո՞ւ դեռ արբիտրաժ չեք դիմել։

- Դա բաց ու հնարավոր տարբերակ է։ Բայց դա նաեւ կլինի վերը տրված հարցի վերջնական բացասական պատասխանը, որից ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, հույս ունեմ, որ դեռ հնարավոր է խուսափել։

/index.php?m=newsOne&lang=arm&nid=249