Գեոթիմը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելեցին Ամուլսար՝ ծրագրի զարգացման վերահսկողական ամենամյա այցի շրջանակներում:
IFC-ն և ՎԶԵԲ-ը Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի բաժնետերերն են: Լիդիանի դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:
IFC-ն և ՎԶԵԲ-ը իրականացնում են տարեկան վերահսկողական այցեր ծրագրի բնապահպանական, սոցիալական և տեխնիկական բաղադրիչները գնահատելու համար:
Ամուլսարում ավարտվել է ծրագրի որոնողահետախուզական փուլը: Հանքի շահագործման վերջնական թույլտվությունը ստանալուց և բոլոր բնապահպանական ու սոցիալական մեղմացման միջոցառումները ապահովելուց հետո, Գեոթիմը նախատեսում է 2015թ. սկսել հանքի շինարարությունը: Նախնական կապիտալ ներդրումները, ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման, կկազմեն 426 մլն ԱՄՆ դոլար:
IFC-ի և ՎԶԵԲ-ի վերահսկողական պատվիրակությունները կազմված էին բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական և արդյունահանման ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ ունեցան Լիդիանի և Գեոթիմի անձնակազմի հետ, այցելեցին Ամուլսար, Գնդևազ համայնք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք: Գնահատեցին ընթացիկ վերականգնողական աշխատանքները, սոցիալական զարգացման ծրագրերը, հանդիպեցին համայնքի բնակիչների հետ և այցելեցին ապագա հանքի տեղանք:
Այցին մասնակցում էին նաև այն միջազգային փորձագետները, որոնք մասնակցել են հանքի նախագծմանը, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանը և տրամադրել են այլ տեխնիկական աջակցություն:
Ընկերությունը ծրագրում է 2014թ. նոյեմբերին հրապարակել բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցը, (ԲՍԱԳ) որի առկայությունը պարտադիր պայման է միջազգային ֆինսավորման համար: Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և ԲՍԱԳ-ը շահագրգիռ կողմերին կապահովեն անհրաժեշտ տեղեկատվութամբ, ծրագրի բնապահպանական և սոցիալական հարցերի շուրջ ավելի արդյունավետ հանրային քննարկումներին մասնակցելու համար:
«IFC-ն Հայաստանում աջակցում է տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին»,-ասել է IFC-ում ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Կարստեն Ֆյուելստերը,- «Այս ջանքերի շրջանակներում մենք նաև աջակցում ենք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը: Թույլտվություն ստանալուց հետո Ամուլսարի ծրագիրը, որը IFC-ի միակն ներդրումն է Հայաստանում այս ոլորտում, կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել, ներառյալ՝ երկրի եկամուտների աճը և համայնքներում աշխատատեղերի ստեղծումը: IFC-ն իր հաճախորդ ընկերությունների և իր կողմից ֆինանասավորվող ծրագրերի, այդ թվում և Ամուլսարի ծրագրի դեպքում կիրառում է ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշները: Դա ապահովելու միջոցներից մեկը անցյալ շաբաթվա նման կանոնավոր մշտադիտարկման այցերն են: Մենք կշարունակենք հետևել, որ ծրագիրը համապատասխանի IFC-ի չափանիշներին իրականացման ողջ ընթացքում»:
«ՎԶԵԲ-ը նպատակ ունի աջակցելու տնտեսական զարգացմանը այն երկրներում, որտեղ ներդրումներ է իրականացնում: Այս առումով, Ամուլսարի ծրագիրը տարածաշրջանի և երկրի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի: Մենք հետևում ենք, որ մեր ծրագրերը համապատասխանեն բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին: Նմանօրինակ այցերը շատ կարևոր դեր են կատարում այդ նպատակին հասնելու համար: Լիադիանի և Գեոթիմի կողմից իրականացված շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական աշխատանքները խրախուսելի ենք համարում: Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը կլինի հաջորդ կարևոր քայլը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ծրագրի զարգացման համար: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին ծանոթանալու հնարավորությունը, մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը դրա համապատասխանությունը որոշելու համար, ինչպես նաև լայնածավալ հանրային խորհրդակցությունների արդյունքներին, որոնք ընկերությունը նախատեսում իրականացնել ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո», - ասել է ՎԶԵԲ-ում բնապահպանության գծով ավագ մասնագետ Սեմ Ուոկերը:
«Գեոթիմի և Լիդիանի ղեկավարությունը շնորհակալ են IFC-ին և ՎԶԵԲ-ին այցի համար, և վերահաստատում են էկվատորյան սկզբունքներով սահմանված, ինչպես նաև IFC-ի և ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությունը: Գեոթիմը և Լիդիանը աշխատելու են Ամուլսարի ծրագիրը օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր դարձնելու ուղղությամբ, ապահովելով, որ ծրագրից տնտեսապես շահեն երկիրն ու համայնքները, և այն սահմանի բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ»,- ասել է Գեոթիմի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
2015թ.-ին հանքի շինարարության մեկնարկից, Ամուլսարի ծրագիրը կապահովի մոտավորապես 1300 աշխատատեղ: Մոտ 770 մարդ մշտական աշխատանք կունենա հանքի շահագործման տասը տարիների ընթացքում:
/index.php?m=newsOne&lang=arm&nid=60