հետ

Միֆեր և իրականություն Ամուլսարի մասին

Լիդիան Արմենիայի Կայուն զարգացման գծով ավագ մենեջերը քննարկում  է Ամուլսարի մասին առկա միֆերը և իրականությունը: Հոդվածի անգլերեն տարբերակը հրապարակվել էՀայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կայքէջում:  

Ամուլսար. միֆեր և իրականություն


Արմեն Ստեփանյան
Լիդիան Արմենիա ՓԲԸ Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն):

Մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում անդրադարձել եմ հանքարդյունաբերության ոլորտի միֆերին: Այսօր կցանկանայի կենտրոնանալ մասնավորապես Ամուլսարի վրա, նախ՝ առանձնացնելով միֆերը մտահոգություններից: Տարիներ շարունակ բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվել են տարբեր հարթակներում և հիմնավոր մտահոգություններ ունեցողներից շատերին գոհացրել են պատասխանները: Սա բնավ չի նշանակում, որ որևէ նոր հարց չպետք է առաջանա: Ցանկացած մտահոգություն պետք է պատշաճ պատասխան ստանա: Սակայն, երբ  սպառիչ պատասխաններ ստացած նույն անհիմն պնդումները շարունակում են շրջանառվել, դրանք դադարում են մտահոգություն լինել և վերածվում են միֆերի: Այս տարիներին միֆերն այնքան շատ էին և այնքան արագ էին փոխվում, որ հնարավոր չէ դրանք ներառել մեկ հոդվածում: Դրանցից մի քանիսից հետզհետե հրաժարվեցին նաև հեղինակները: Մի քանիսը դեռևս շրջանառվում են և այսօր կառաձնացնեմ մի մասը: 
 
Միֆ 1 Ամուլսարի ծրագիրը անխուսափելիորեն կաղտոտի ամեն ինչ: Ընկերությունը լռում է ռիսկերի մասին: 

Իրականություն. ճիշտ նախագծված և իրականացվող ոչ մի ժամանակակից ծրագիր չի բերում <<անխուսափելի աղտոտման>>: Այսօր հանքի շինարարություն է թույլատրվել Մեծ Բրիտանիայում ազգային պարկի տարածքում: Օրինակները շատ են: Հանքերը հնարավոր է շահագործել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն բնական միջավայր և Ամուլսարը հենց այդպես է նախագծված: Անշուշտ, հանքային ծրագրերը զբաղեցնում են մեծ բնական տարածք և այդ առումով ազդեցությունը մեծ է, ինչպես և ցանկացած այլ համարժեք մասշտաբի, օրինակ՝ լայնածավալ քաղաքաշինական ծրագրի դեպքում: Նույնիսկ առաջին հայացքից այնպիսի<<անվնաս>> ծրագրերը, ինչպես դահուկային կամ ծովափնյա հանգստավայրը և կամ մեծ գյուղատնտեսական ծրագրերն են, զգալի ազդեցություն ունեն բնական լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա և սխալ իրականացման դեպքում կարող են աղտոտման, հողի և ջրի դեգրադացիայի պատճառ դառնալ: Լուծումը՝ բնապահպանական ազդեցության տարածքը հնարավորինս նվազեցնելը, ապահով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աղտոտումը կանխելն ու հանքերի դեպքում՝ պատշաճ փակումն ու ռեաբիլիտացիան է: Եթե այսօր դա հնարավոր է աշխարհի հարյուրավոր հանքերում, ապա հնարավոր է նաև Հայաստանում: 

Այժմ, Ընկերության <<լռության>> մասին: Միայն ազդեցությունների գնահատումը Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ մոտ 500 էջ է: Կարող եմ միանշանակ պնդել, որ սա հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու և մեղմացման միջոցառումներ առաջարկելու Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեղմացման միջոցառումների շուրջ քննարկմանը, սակայն շատ կցանկանայի, որ քննարկումը չսկսվի <<ընկերությունը լռում է...>> արտահայտությամբ, որն անտեսում է մի քանի տասնյակ բարձրակարգ գիտնականների և մասնագետների մանրակրկիտ աշխատանքը և հազիվ թե կարող է պրոֆեսիոնալ քննարկման սկիզբ լինել: 

Միֆ 2 Հանքը կաղտոտի Սևանա լիճը: Այն գտնվում է Սևանի ջրհվաք ավազանում, հետևաբար շահագործումը հակասում է օրենքին:

Իրականություն. հանքը չի աղտողտի Սևանը, և Ծրագիրը չի հակասում Սևանա լճի մասին օրենքին: Հանքաքարի վերամշակման կայանը գտնվելու է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես օրենքն է պահանջում: Կառավարության համապատասխան որոշումներով (2012-2013թթ.) անմիջական ազդեցության գոտին ընդարձակվեց, և ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել կույտային տարրալվացման հրապարակի նախկինում նախագծված և թույլատրված տեղադիրքը: Այսպիսով, նախորդ տեղադիրքերը համապատասխանել են օրենքին և անվտանգության չափանիշներին, սակայն օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով ընկերությունը վերափոխել է նախագիծը: Բնապահպանական տեսանկյունից կույտային տարրալվացման հրապարակը, դատարկ ապարների լցակույտը և բացահանքերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչների արտահոսքը բնական միջավայր: Այսպիսով, ոչ միայն Սևանա լիճը, այլև բոլոր շրջակա բնական ընկալիչները՝ հողը, ջուրը (այդ թվում, Արփան և Որոտանը) և օդը խիստ պաշտպանված կլինեն: Անկեղծ ասած, որպես մասնագետ, կարծում եմ, Սևանը առօրյա շարունակական աղտոտումից պաշտպանության կարիք ունի: Միֆերը, որ համաշխարհային կարգի ժամանակակից  հանքի շահագործումը (այն էլ շրջանառու ցիկլով և 40 կմ հեռավորության վրա) կաղտոտի Սևանը, շեղում են Սևանի իրական խնդիրների վերաբերյալ քննարկման հնարավրությունից:

Միֆ 3 Ցիանիդը անխուսափելիորեն կտարածվի ողջ շրջակայքում, կմնա տասնամյակներ և կթունավորի ամեն ինչ: Ցիանիդն արգելված է զարգացած աշխարհում:    
  
Իրականություն. այն չի տարածվի շրջակայքում, քանի որ ենթակառուցվածքների նախագծումը ապահովում է պատշաճ կառավարում և այն արգելված չէ <<զարգացած աշխարհում>>: Ի դեպ, համառոտ տեղեկանք, որ կհաստատի ցանկացած քիմիկոս. ցիանիդը չունի երկարարաժամկետ ազդեցություն, քանի որ այն շատ ռեակտիվ, անկայուն միացություն է և բաց միջավայրում օդի և արևի լույսի հետ փոխազդեցության ժամանակ կարճ ժամանակում վերածվում է այլ՝ անվնաս քիմիական միացությունների:  Բազմիցս և տարբեր առիթներով պատմել ենք, թե ինչպես է օգտագործվում ցիանիդը ոսկու կորզման մեջ:  Ուզում եմ պարզապես ամփոփել. ցիանիդը իսկապես թունավոր քիմիական նյութ է, որն օգատգործվում է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ այլև շատ այլ ճյուղերում, ինչպես օրինակ դեղագործությունն ու կոսմետիկայի արտադրությունը: Այո, անփույթ կառավարման դեպքում, այն կարող է վնաս հասցնել: Սխալ վարվելու դեպքում ամնիջական վնասի ռիսկը առաջին հերթին ցիանիդի հետ աշխատող անձնակազմին է  վերաբերում իսկ բնական միջավայրում ցիանիդը երկար չի մնում: Ինչպես և ցանկացած այլ արդյունաբերության մեջ կիրառվող այլ քիմիական նյութերի դեպքում, անվտանգության երաշխավորը տեխնոլոգիան է, անվտանգության կանոնները և ենթակառուցվածքների պատշաճ կառավարումը: Ցիանիդը կիրառվում է աշխարհի հարյուրավոր հանքերում, ներառյալ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև անվտանգությանն ուղղված միջոցառումները, որոնք և կիրառվելու են Ամուլսարում:      
 
Միֆ  4 Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային է. այն  անխուսափելիորեն իր շուրջն ամեն ինչ կենթարկի թթվային աղտոտման: Ընկերությունը լռում է այդ մասին: 

Իրականություն. նախ՝ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, այն օքսիդային է: Հանքաքարն  ինքնին թթվային չէ: Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստուգել այս առցանց մատչելի փաստը՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ: Ինչ վերաբերում է թթվային ապարների դրենաժի հավանականությանը, թեև հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների հանքայնացված պիրիտներում բնականից առկա է որոշակի, համեմատաբար փոքր քանակությամբ ծծումբ: Թեև դատարկ ապարների լցակույտում ծծմբի կոնցենտրացիան բարձր չէ,  այն ամեն դեպքում կառավարվելու է: Գրեթե ցանկացած հանքավայր  այս կամ այն չափով ունի այս խնդիրը, և տարիների ընթացքում մշակվել են մի շարք արդյունավետ կառավարման միջոցներ: Նախորդ հարց ու պատասխանում բացատրել ենք, թե կառավարման ինչ միջոցառումներ են իրականացվելու Ամուլսարում: Ամփոփելով ասեմ, որ թթվային ապարներ առաջացնող նյութ առկա է փոքր քանակությամբ և դա կառավարելի է, ինչպես և աշխարհի հարյուրավոր հանքերում: Հետևաբար՝  ոչ, թթվային աղտոտում տեղի չի ունենա:  

Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիների ընթացքում լսել եմ հանրային հարթակում քննարկվող երևակայական ամեն տեսակի խնդիր, և միայն վերջին ամիսներին թթվային ապարների դրենաժի մասին հարցը բարձրացվեց այն պնդմամբ, որ Ընկերությունը թաքցնում էր այս <<օրհասական>> խնդիրը: Մինչդեռ հարցը մանրակրկիտ ներկայացված է ինպես Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես էլ՝ ԲՍԱԳ-ում: Հարցին անդրադարձել ենք նաև Ամուլսարի մասին փաստագրական ֆիլմում 2013-ին: Այնպես որ, տեղեկատվությունը միշտ էլ հրապարակայնորեն մատչելի էր: Որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ, այն է՝ ինչպես են իրականացվել թթվայնության թեստերը, կառավարման միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են ԲՍԱԳ-ում: Գնահատելի կլիներ, եթե հետաքրքրություն ցուցաբերողները ժամանակ հատկացնեին ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը կարդալու համար:  
                          
Միֆ 5  
Հանքը անխուսափելիորեն կոչնչացնի բուսական և կենդանական աշխարհըողջ շրջակայքում, Ընկերությունը ոչինչ չի ասում կենսաբազմազանությանխնդիրների մասին:

Իրականություն. կրկին,  կարող եմ փաստել, որ վերջին 7 տարվա ընթացքում ընկերությունը  տեղական և միջազգային փորձագետների հետ իրականացրել է աննախադեպ ծավալի աշխատանք կենսաբազմազանության վերաբերյալ բազային տվյալներ հավաքագրելու նպատակով՝ ծախսելով մի քանի հարյուր հազար դոլար: ԲՍԱԳ-ում մոտ 100 էջ նվիրված է կենսաբազմազանության վրա ազդեցությանը: Եվս 100 էջ նկարագրում է կենսաբազմազանության կառավարման և գործողությունների ՝ մի քանի միլիոն դոլար արժողության ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու կենսաբազմազանության պահպանությունը, ազդեցության մեղմացումը և հատուցումը՝ <<հաշվեկշռի ոչ մի կորուստ>> սկզբունքով: Դժվարությամբ կարող եմ որևէ այլ ոլորտ նշել, որտեղ նման ծավալի բնապահպանական միջոցառումներ նախատեսված լինեն: Անկասկած, հանքի ենթակառուցվածքները զբաղեցնելու են որոշ տեսակների կենսամիջավայրը, ինչպես ցանկացած լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ այդ թվում նաև գյուղատնտեսական: Պատշաճ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել հազվագյուտ տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանություն, և Ամուլսարի ծրագիրը այդպես է նախագծվում: Միայն մեկ բուսատեսակի պահպանման համար Ընկերությունը հատկացրել է շուրջ 700,000 ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ դա նկարագրում է մեր մոտեցման բծախնդրությունը:  

Միֆ  6Ջերմուկի հանքային աղբյուրները կոչնչանան:

Իրականություն. Ոչ, նման բան տեղի չի ունենա: Մենք ծախսել ենք հարյուր հազարավոր դոլարներ և տարիներ, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, որպեսզի պարզենք արդյո՞ք հանքը որևէ ազդեցություն կունենա Ջերմուկի ջրերի վրա: Թե ինչու Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցություն չի լինի համառոտ նկարագրել ենք վերջերս հրապարակված  հարց-պատասխանում: Մանրամասները՝ այդ թվում, մոդելավորման, թեստերի, գիտական մեթոդների վերաբերյալ ինֆորմացիան,  հասանելի են ԲՍԱԳ-ում: Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ռեսուրս և ժամանակ է ներդրվել այն հետազոտության մեջ, որն<<ապացուցում է>>, որ Ջերմուկի ջրերը ազդեցություն են կրելու:. Որտե՞ղ է հնարավոր ծանոթանալ գիտական աշխատանքներին և կիրառված մեթոդներին: Իհարկե, մտադրություն չունեմ անտեսելու լիովին հասկանալի էմոցիոնալ ընկալումը. մենք միշտ պատրաստ ենք անդրադառնալ բոլոր հարցերին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ջերմուկի ջրերը կոչնչանան» բնույթի հայտարարությունները, որոնք չունեն որևէ գիտական հիմնավորում, անլրջացնում են բանավեճը: Երբ Ընկերությունը ասում է, որ Ծրագիրը ազդեցություն չի ունենա Ջերմուկի ջրերի վրա, այդ հայտարարությունը հիմնավորված է անկախ հետազոտություններով, ոչ թե էմոցիաներով: Եվ բոլորիս համար շահեկան կլինի, եթե այս սկզբունքը կիրառենք ցանկացած բանավեճում, և ոչ միայն Ամուլսարի դեպքում:

Միֆ 7 Հանքը չի կարող լինել շահութաբեր՝ 1 տոննա հանքաքարում գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Զարգացած երկրներում նման հանքեր չեն գործում: 

Իրականությունզարմանալիորեն, այս տարիների ընթացքում լսել ենք հակասական մեղադրանքներ, երբեմն՝ նույն մարդկանցից, մեկ՝ որ ընկերությունը գերշահույթ է ստանալու, մեկ էլ՝ որ հանքը չի կարող լինել շահութաբեր: Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ: Աշխարհում կան բազմաթիվ հանքեր՝ տոննայում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Օրինակ՝  Cripple Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle Goldծրագիրը Կանադայում, և այլն: Ավելին, ամբողջ աշխարհում այսօր ոսկու միջին պարունակությունը տոննայում կազմում է մոտ 0.8 գրամ, և բարձր պարունակությամբ հանքերը շատ հազվադեպ են: Սակայն, ընկերությունը գերշահույթ չի ունենալու, ինչպես շատերը պնդում են: Հատկապես երբ խոսքը մեծ կապիտալ ներդրում պահանջող նոր ծրագրի մասին է: 

Ըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) զեկույցի՝աշխարհում հանքային արտադրության արժեքի ավելի քան 70%-ը կազմում են հիմնականում երկրի ներսում ծախսվող գործառնական և կապիտալ ծախսերն ու աշխատավարձերը: Այսպիսով՝ բաժնետերերի շահույթը և երկրի օգուտները բավական հավասարակշռված են: Դա վերաբերում է նաև Ամուլսարին: 

Միֆ 8. Ամենը դավադրություն է, սկսած Ընկերության ղեկավարության կազմից մինչև ընկերության գրանցման վայրը և բաժնետոմսերի արժեքը: 

Իրականություն գրող Դեն Բրաունը ասում է. «Բոլորը սիրում են դավադրությունների տեսություններ». ի վերջո, դրանք ավելի հետաքրքիր են, քան փաստերը: Բանն այն է, երբեմն դավադրության տեսաբանները սկսում են խեղաթյուրել փաստերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն իրենց  տեսություններին: Օրինակ՝ 2013-ին Լիդիանի տնօրենների խորհրդի անդամներից մեկը խորհրդում ընգրկվելուց ընդամենը մի քանի ամիս անց հեռացավ խորհրդից՝  պետական պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Այնպես որ, նա ընկերությանը որևէ առնչություն չունի արդեն 2 տարի: Բայց մինչ օրս հայկական մեդիայում նա հաճախ հիշատակվում է որպես խորհրդի անդամ և այս «փաստի» շուրջ դավադրության տեսություններ են կառուցվում: Մինչդեռ, մի քանի վայրկյան է պահանջվում Ընկերության կայքից տնօրենների խորհրդի անդամների ցանկին ծանոթանալու համար: Լիդիանը ցուցակված ընկերություն է, և ցանկացած տեղեկատվություն խորհրդի կամ ղեկավար կազմի, ֆինանսական հաշվետվությունների և խոշոր բաժնետերերի մասին հրապարակայնորեն մատչելի է: Սա նաև վերաբերում է բաժնետոմսերի գնի տատանմանը և տատանումների պատճառների մասին ֆինանսական վերլուծություններին:

Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում», ապա դա Հայաստանին հարկ չվճարելու և «թաքնվելու» համար է արվում: Իրականությունը ավելի պարզ է: Լիդիանը Ջերսիում ռեզիդենտ կազմակերպություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Լիդիանը գրանցված է և վերահսկվում է Ջերսիի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կողմից, որի տեղեկատվությունը բաց է հանրության համար: Լիդիանի վրա տարածվում են նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայի և Օնտարիաոյի արժեթղթերի հանձժաժողովի կանոններն ու օրենքները: Երկու դեպքում էլ պահանջվում է տեղեկատվության մատչելիություն: Ջերսին հարմար է շատ ընկերությունների համար, քանի որ առաջարկում է այլ երկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի պարզեցված հարկային ռեժիմ: Սա որևէ առնչություն չունի Ամուլսարից ակնկալվող եկամուտից Հայաստանին վճարվող հարկերին: Հանքի շահագործման իրավունքը Լիդիանի դուստր ընկերություն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան կազմակերպություն է և բոլոր հարկերը և ռոյալթիները վճարվելու են հայաստանյան օրենսդրության համապատասխան, անկախ այն բանից, թե որտեղ է տեղակայված Լիդիանը: Ավելին՝ հայաստանյան օրենսդրության համապատասխան  Հայաստանում աշխատող ընկերության արտերկրացի աշխատակիցները նույնպես հարկ են վճարում: Ամուլսարը դեռևս չի շահագործվում իսկ Լիդիան Արմենիան արդեն առաջին 200 հարկատուներից է: Կարծում եմ, սա խոսուն փաստ է: Հանքի շահագործման ժամանակ ակնկալում ենք լինել առաջին 5 հարկատուների ցանկում:

Կոնֆուցիոսին վերաձևեակերպելով. մութ սենյակում սև կատու փնտրելը, երբ այն այնտեղ չէ, ջանքերի վատնում է: Հատկապես, երբ սև կատուները շատ են լուսավոր սենյակներում, և բոլորիս ձեռնտու է կենտրոնանալ դրանց վրա:

Որպես ամփոփում. Էմոցիաները հասկանալի են: Հայաստանն իմ երկիրն է, և ես հաճախ էմոցիոնալ եմ վերաբերվում ամենատարբեր խնդիրների: Բայց իմ բնագավառը գիտությունն է, և ես հարգում եմ փաստերը: Մենք պետք է կարողանանք կառավարել էմոցիաները և ունենալ փաստերի վրա հիմնված բովանդակային քննարկում: «Դուք ստում եք»,  «Ոչ, Դուք  եք ստում» հարթության վրա բանավեճը խնդիրների լուծման չի կարող բերել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ամուլսարին և ոչ միայն հանքարդյունաբերությանը: Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան, և ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Սկսած օդի որակի, սննդի անվտանգության, հասարակական տրանսպորտի անվտանգության հարցերից մինչև հանքային և այլ ոլորտներ, խնդիրներն անվերջ են: Դրանց լուծում տալու համար պետք է կենտրոնանալ փաստերի վրա: Միֆերը խլում են բոլոր կողմերի ժամանակն ու ռեսուրսները: Կարծում, որ մենք բոլորս վատնելու հավելյալ ժամանակ, կամ ռեսուրսներ չունենք և չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ:        
 
 

/index.php?m=newsOne&lang=arm&nid=77